ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Այս տարի 20 հազարով ավելի քիչ մարդ է մեկնել արտագնա աշխատանքի։ ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա հավելեց նաև, որ ՌԴ-ից այս տարի մոտ 50 հազար մարդ է վերադարձել Հայաստան՝ հայկական անձնագրերով, մոտ այդքան մարդ էլ վերադարձել է ռուսական անձնագրերով, բայց հայկական ազգանունով։
Խոսելով բյուջեի կատարման և բարձր տնտեսական աճի մակարդակի մասին Վահան Քերոբյանը նշեց, որ Հայաստանում այս պահին երեք հիմնական խոչընդոտ կա՝ անվտանգային, լոգիստիկ և որակյալ աշխատուժի պակասի:
«Բոլոր ոլորտներում ունենք ցածր որակավորում ունեցող աշխատուժի սուր պահանջարկ, և այդ պահանջարկն այսօր մեր բոլոր ընկերություններին կաշկանդում է աճել»,- ասաց նա ու հավելեց, որ այս խնդիրը եկող տարի կարող է դառնալ տնտեսական հիմնական աճի ապահովման գլխավոր խոչընդոտ:
Ըստ նախարարի, կա նաև բարձր որակավորում ունեցող աշխատողների պահանջարկ։ Հենց նրանց համար կա ծրագիր, որը հնարավորություն է տալու աշխատավարձերը 20-70 տոկոսով սուբսիդավորելու:
Երկրում ցածր աշխատավարձերի խնդիրը լուծելու գլխավոր եղանակը, ըստ, նախարարի, կառավարության ընդունած այս տարվա տնտեսության արտադրողականությունը խթանելու ծրագիրն է, որը հնարավորություն է տալու գործատուին զարգացնել և հագեցնել նյութատեխնիկական բազան ու բարձր աշխատավարձեր վճարել ։ Ըստ նախարարի, ծրագիրից արդեն օգտվել է 426 ընկերություն։