ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. «Աբովյան» ՔԿՀ–ի շենքային պայմանները անբավարար են, շենքը գտնվում է սանիտարահիգիենիկ անընդունելի վիճակում։ Այս հայտարարությունն արեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը` ներկայացնելով քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված կանանց, անչափահասների և օտարերկրյա քաղաքացիների իրավունքների ապահովման վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցը։
«Խոնավության մակարդակը խցերում եղել է շատ բարձր, առաստաղների ծեփամածիկը եղել է թափված, որոշ տեղերում` բորբոսնած։ Շենքային պայմանները հարմարեցված չեն հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար»,– ասաց Գրիգորյանը։
ՄԻՊ աշխատակազմի այցի պահին Աբովյան ՔԿՀ–ում 66 անձ է եղել, 40–ը կալանավորված են եղել, 26–ը` դատապարտված, 66-ից 4–ը` արական սեռի անչափահասներ են, մեկ անձ չափահաս է դարձել անազատության մեջ, և երեք կանայք այնտեղ են պահվում մինչև 3 տարեկան երեխաների հետ։
Պաշտպանի աշխատակազմը արձանագրել է, որ անչափահասների պահման պայմանները որևէ կերպ չեն տարբերվում չափահասների պահման պայմաններից։
Այցի պահին ընդհանուր կացարանում պահվել է 12 կին, որոնցից երկուսը համատեղ բնակվել են երկտեղանոց սենյակում։ Այնինչ այդ պահին գործող օրենքով` ընդհանուր կացարանում կարող է պահվել մինչև 6 անձ։
«Հատուկ խցեր ու կացարաններ չեն եղել հղի կանանց և մինչև 3 տարեկան երեխա ունեցողների համար։ Խցերում չեն եղել օրորոցներ, մանկական մահճակալներ, տաք ջուր, առանձին լոգարան, սանհանգույց երեխաների համար, կահավորված խաղահրապարակ, ինչպես նաև երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջ զարգացմանը նպաստող միջավայր։ Այնինչ օրենսդրության համաձայն` պետությունը երեխաների համար մինիմալ պայմաններ ապահովելու պարտավորություն ունի»,– նշեց պաշտպանը։
Արձանագրած հաջորդ խնդիրը վերաբերում է բուժսպասարկմանը։ ՄԻՊ ներկայացուցիչների այցի պահին «Աբովյան» ՔԿՀ–ի բժշկական անձնակազմում չեն եղել ընդհանուր պրոֆիլի բժիշկ, թերապևտ, ընտանեկան բժիշկ։
«Մյուս խնդրահարույց և անընդունելի պրակտիկան այն է, երբ ազատությունից զրկված անձանց դեղորայքային բուժումն իրականցվում է բուժքրոջ կողմից, առանց բժշկի ցուցման»,– նշեց նա ու հավելեց, որ հայտնաբերվել են նաև ժամկետանց դեղեր։
Ինչ վերաբերում է ՔԿՀ–ում սննդի ապահովմանը, ապա ՄԻՊ–ը պարզել է, որ որևէ վերահսկողություն դրա համար չի իրականացվում։
«2020 թ.–ից բոլոր ՔԿՀ–ներում սննդի մատակարարումը մասնավոր ընկերություն է իրականացնում։ Առանձնազրույցների ժամանակ դատապարտյալները նշել են, որ սնունդը համեղ չէ, աղը պակաս է, բազմազանություն չկա։ Պարզվել է նաև, որ երեխաներին տրվում է նույն սնունդը, ինչ մեծերին»,– նշեց Գրիգորյանը։
Դատապարտյալների ու կալանավորների հիգիենայի ապահովումը նույնպես պատշաճ չի իրականացվում։ «Աբովյան» ՔԿՀ–ում լոգանքը շաբաթական մեկ անգամ է կազմակերպվում, բայց այնտեղ պահվող անձիք ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներին ասել են, որ եթե այդ օրը իրենք ինչ–ինչ պատճառներով չեն կարողանում լոգանք ընդունել, ապա ստիպված են սպասել ևս մեկ շաբաթ։
Պարզվել է նաև, որ պատշաճ չեն իրականացվում հոգեբանական ծառայությունները։ Մինչև 3 տարեկան երեխաներին ու նրանց մայրերին այդ ծառայությունն առհասարակ չի տրամադրվում, իսկ օտարերկրացիների դեպքում լեզվական խոչընդոտ կա։
Գրիգորյանի խոսքով` մտահոգիչ է նաև, որ «Աբովյան» ՔԿՀ–ի աշխատակիցների մեծամասնությունը տղամարդիկ են, ինչը լավ պրակտիկա չէ կանանց ու անչափահասների պահման վայրում։