Զինծառայողները կկարողանան ատեստավորում անցնել և հավելավճար ստանալ. Պապիկյան

Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ առաջին անգամ ԶՈւ–ում պաշտոն ստանձնող անձն էլ պարտադիր կերպով ատեստացիա կանցնի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է զինված ուժերում ներդնել ատեստավորման համակարգ։ ԱԺ–ում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը։
«Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պայմանագրային զինծառայողներն ատեստացիային մասնակցելու են կամավոր։ Ըստ այդմ` պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներն ատեստավորման արդյունքում հավելավճար կստանան»,–ասաց Պապիկյանը։
Նրա խոսքով` սա արվում է ԶՈւ-ում պայմանագրային ծառայության գրավչությունը բարձրացնելու համար։ Ատեստավորված և հավելավճար ստացող զինծառայողները կարող են ատեստավորվել 3 տարին մեկ անգամ։ Իսկ հավելավճարի չափը, ըստ Պապիկյանի, սահմանվելու է կառավարության որոշմամբ։
Նախարարը հայտնեց` նախատեսվում է նաև,որ առաջին անգամ զինվորական պաշտոն զբաղեցնել ցանկացողները նույնպես պետք է պարտավիր կերպով ատեստավորում անցնեն։
Ընտանեկան և սոցիալական նպաստները նույնպես անկանխիկ կվճարվեն. սոցապը նոր նախագիծ ունի
Պապիկյանը որպես օրինակ ներկայացրեց մարտական ծառայության անցած շարքային պայմանագրայինի աշխատավարձը` ասելով, որ վերջիններն ատեստացիայի արդյունքում 316 000 դրամ մաքուր աշխատավարձ կարող են ստանալ։ Իսկ եթե դրան զուգահեռ մարտական հերթապահություն են անցնում, ապա ատեստացիայից հետո աշխատավարձը 380 000 դրամ կլինի։