ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Անկարան ծրագրում է Սիրիայի հյուսիսում «հերթական հատուկ գործողությունն» իրականացնել Քրդստանի աշխատավորական կուսակցության ռազմական կազմավորումների դեմ։ Տեղեկությունը «Ռոյթերս» գործակալությանն է հայտնել թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ։
Նա ընդգծել է, որ Իրաքում քրդական կազմավորումների դեմ հատուկ գործողությունը շարունակվում է, դրա ավարտից հետո իրենք կոնկրետ նպատակներ կունենան Սիրիայում։
«Թուրքիայի նկատմամբ քուրդ զինյալներից կամ ԻՊ-ից («Իսլամական պետություն», Ռուսաստանում և մի շարք երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն` խմբ.) բխող սպառնալիքներն անընդունելի են»,- ընդգծել է գործակալության զրուցակիցը:
Նա հավելել է, որ Անկարան իր հարավային սահմանի երկայնքով սպառնալիքները կվերացնի այս կամ այն եղանակով:
Նա հավելել է, որ Անկարան իր հարավային սահմանի երկայնքով սպառնալիքները կվերացնի այս կամ այն եղանակով:
Նշենք, որ Թուրքական իշխանությունները քուրդ զինյալներին են մեղադրում նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի համար։ Հարցաքննության ժամանակ Սիրիայի ձերբակալված քաղաքացի Ահլամ Ալբաշիրը խոստովանել է, որ հավաքագրվել է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված ՔԱԿ-ի կողմից։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել էր, որ թուրքական զինված ուժերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ կիրականացնեն այնքան ժամանակ, մինչև հաջողվի ահաբեկչական կազմակերպությունների լիակատար ոչնչացման հասնել։