Շնորհակալություն արդարությանը ծառայելու համար․ ԱԺ նախագահը՝ Ֆրանսիայի Սենատին

Ալեն Սիմոնյան
ՀՀ ազգային ժողովի նախագահը գրառում է արել սոցցանցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ առաջարկող բանաձև ընդունելու համար։ Խորհրդարանի ղեկավարն այդ մասին գրառում է արել Twitter–ի իր էջում։
«Ժողովրդավարության բնօրրաններից մեկի՝ բարեկամ Ֆրանսիայի Սենատը Հայաստանին սատարող և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ առաջարկող բանաձև է ընդունել»,- գրել է Սիմոնյանը։
Նա Սենատի անդամներին շնորհակալություն է հայտնել արդարությանը ծառայելու համար։
Հիշեցնենք՝ ժամեր առաջ Ֆրանսիայի Սենատը 295 կողմ, 1 դեմ ձայնով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձև ընդունեց։
Բանաձևի հեղինակներն են Բրունո Ռետայոն, Պատրիկ Կաններին, Էրվե Մարսեյը, Էլիան Ասասին։ Նրանց են միացել նաև պատգամավորներ Քրիստիան Կամբոն և Ժիլբեր-Լյուկ Դևինազը։ Նշենք, որ այս սենատորները 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձև էին մշակել։
Փաստաթղթում առաջարկվում է դիտարկել Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավման և գազի ու նավթի մատակարարումների էմբարգոյի հնարավորությունը։ Բացի այդ, Ադրբեջանից պահանջում են անհապաղ դուրս գալ Հայաստանի օկուպացված տարածքներից։
Միաժամանակ Սենատը կոչ է անում կառավարությանը քննարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրասենյակ ստեղծելու հարցը, ամեն կերպ աջակցել Հայաստանին, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտում։
Բանաձևի հեղինակները պահանջում են, որ Ֆրանսիայի կառավարությունը երաշխավորի հայ բնակչության և Հայաստանի անվտանգությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, առաջարկում են միջազգային ուժեր տեղակայել տարածաշրջանում։
Սենատորները հաստատում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը, որը կարող է օգտագործվել որպես տևական խաղաղություն հաստատելու բանակցային գործիք։