ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի մասնագետները ևս հնարավորություն կունենան ատեստավորման և տարակարգերի միջոցով հավելավճարներ ստանալու։ ԱԺ–ում «Նախնական և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ներկայացնելիս այս մասին ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
«Ատեստավորման և տարակարգի հնարավորություններից կարող են օգտվել ՄԿՈւ (մասնագիտական կրթության ուսուցում) ոլորտի ավելի քան 6000 աշխատակիցներ։ Կարևոր է, որ ոլորտում վարձատրության բարձրացման շեշտակի քաղաքականություն վարվի, քանի որ այստեղ, ի տարբերություն հանրակրթության ոլորտի այլ ճյուղերի, իրավիճակը վատթար է»,–ասաց Անդրեասյանը` հավելելով, որ ատեստավորումը կկիրառվի 2024-ին` ենթաօրենսդրական ակտեր ընդունելուց հետո։
Բացի այդ, ըստ փոխնախարարի, նախատեսում են ոլորտում ներդնել ուսանողների և դասախոսների տրանսպորտային փոխհատուցման ծրագիր։
Հարցն այն է, որ ՄԿՈւ հաստատություններ գործում են բոլոր մարզերում և հաճախ, Անդրեասյանի խոսքով, խնդիրներ են լինում հաստատություններ հասնելու հետ` կապված նաև հանրային տրանսպորտի հետ, ինչի հետևանքով էլ ուսանողները կրթաթոշակը ծախսում են ճանապարհածախսի վրա։