ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Ազգային ժողովը քննարկում է փողերի լվացման ոլորտում ԵԱՏՄ պետությունների հետ համագործակցության հարցը։ Ըստ այդմ, ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրեց «ԵԱՏՄ մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։
«Համաձայնագրի նպատակն է նպաստել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ԵԱՏՄ պետությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը։ Մասնավորապես, համաձայնագիրը սահմանում է տեղեկությունների հարցման կարգը, պահանջները, հարցումը մերժելու հիմքերը։ Այլ պետությունից ստացված տեղեկատվությունը համարվում է գաղտնի»,–ասաց Երիցյանը։
Նրա խոսքով` տեղեկությունների ստացման և տրամադրման համար յուրաքանչյուր երկրում մարմին կստեղծվի. Հայաստանում ՊԵԿ-ը կհամակարգի այդ աշխատանքները։
Ի դեպ, համաձայնագիրը ստորագրվել է 2021-ի հուլիսի 20-ին։