Պեմզաշենում մոր և երեխաների սպանության գործով կալանավորվել է նաև երկրորդ անձը

Պեմզաշեն
Փորձաքննությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից ևս մեկի ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ Պեմզաշենում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության գործով երկու անձ կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Դատագենետիկական, դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից ևս մեկի ինքնությունը։ Ըստ հաղորդագրության՝ նա օրեր առաջ ձերբակալված 32-ամյա տղամարդու 41-ամյա ազգականն է։
«Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը տառապում է «անձի էմոցիոնալ խանգարում՝ սուիցիդալ մտքերով» հոգեկան հիվանդությամբ, 2022թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, իր ազգական, նույն բնակավայրի 41-ամյա բնակչի հետ հանդիպման ընթացքում տեղեկանալով Պեմզաշեն բնակավայրի 31-ամյա բնակչուհու տանը ենթադրաբար գումար լինելու մասին՝ պայմանավորվել է մուտք գործել տուն և գումար հափշտակել։ Նույն օրը, օգտվելով նշված տան մուտքի դռան բաց լինելու հանգամանքից, ապօրինի մուտք են գործել տուն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Երբ տեղեկացել են՝ տանը գումար չկա, կապել և դաժանությամբ սպանել են կնոջը։ Ապա 32-ամյա տղամարդը, կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, կապել է երեխաների ձեռքերն ու ոտքերը և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ և 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 198-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։
41-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով և 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Միջնորդությունը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք` Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը նոյեմբերի 9-ին հայտնաբերվել էին սեփական տան ննջասենյակում։ Սպանված կնոջ ձեռքերն ու երեխաներից մեկի ձեռքերն ու ոտքերը կապված էին եղել։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանություն)։
Ոստիկանությունը ձերբակալել էր 32 ու 36 տարեկան 2 կասկածյալի։
Պեմզաշենում սպանության մեջ կասկածվող երկու անձանց ընտանիքներին գյուղից տարհանել են