Վերջին շրջանում Հայաստանում աճել են ապօրինի թմրաշրջանառության և թմրամիջոցների գործածման դեպքերը։ Թմրանյութ օգտագործողների 70%–ը 30-50 տարեկան անձինք են։ Աճ է նկատվում նաև երիտասարդների շրջանում, հիմնականում` 18-25 տարեկանների։ Այժմ 31 անձ ստացիոնար բուժում է ստանում Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում։ Այստեղ շատ են թմրամիջոցներից կախվածության մեջ գտնվող և ամբուլատոր բուժում ստացող պացիենտները` ավելի քան 485 անձ։ Նրանց բուժումը 2 տարբերակով է իրականացվում` դետոքսիֆիկացիոն բուժում է ստանում 5, իսկ մեթադոնային (փոխարինող)`ավելի քան 480 պացիենտ, որից 6-ը կանայք են (30 և ավելի բարձր տարիքի)։
Կախվածությունների բուժման ազգային կենտրոն
© Sputnik / Aram Nersesyan
Բուժհաստատության տնօրեն Սուրեն Նազինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ամբուլատոր բուժում ստացողները հիմնականում օգտագործել են հոգեխթանիչներ` մեթամֆետամին, կոկաին։ Նմանատիպ հոգեխթանիչներ հիմնականում օգտագործում են երիտասարդները, որոնք սիրում են ակտիվ ժամանց անցկացնել։ Նազինյանը նկատեց` հաճախ օգտագործում են նաև կանաբիոիդներ և օփիոիդներ, որոնց 1-3 ներարկումից մարդն արդեն կարող է հակում ունենալ։
Սուրեն Նազինյան
© Sputnik / Aram Nersesyan
2022 թվականի հունվարի 1-ի տվյալներով` Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում և նարկոլոգիական ծառայություններում հաշվառված է եղել 7570 մարդ, որոնք թմրամիջոց են օգտագործել։ Նրանցից 149-ը կանայք են։ Երևանում հաշվառված է 4007 անձ, որոնցից 114-ն են իգական սեռի ներկայացուցիչ։ 2021 թվականի սկզբում հաշվառվածների թիվն այլ էր` 7100 մարդ, իսկ 2020-ին` 7209։ Ընդհանուր առմամբ Հայաստանում հաշվառված են նաև անչափահասներ, նրանք 6-ն են, 1-ն աղջիկ է` 14 տարեկան։
Կենտրոնում բուժումն անվճար է` և՛ դեղորայքը, և՛ հոգեբանական ծառայությունները։ Այստեղ ոչ միայն պացիենտների, այլև նրանց ընտանիքների հետ են աշխատում։
Բժշկի փոխարեն թմրամոլ դարձավ
Բուժհաստատությունում թմրամիջոցային կախվածության դեմ ստացիոնար բուժում ստացող պացիենտները հիմնականում 25-30 տարեկան են, սակայն կան նաև ավելի տարիքովներ։ Այնտեղ հանդիպեցինք 60–ամյա Կարենին (անունը փոխված է. խմբ.), որը թմրամիջոց գործածելու համար իր կյանքի մեծ մասն անցկացրել է անազատության մեջ։ Կարենը Խորհրդային Միության բարձրաստիճան պաշտոնյաների որդի է եղել և, ինչպես ինքն է ասում, 16 տարեկանից է այդ ճանապարհով գնացել. պատճառն այն է, որ եղել է հարուստ ծնողների երեխա ու այսպես կոչված «золотая молодежь»-ի մի մասնիկ։
«Փոքր ժամանակ ատամհատիկիս «шприц» (ներարկիչ. խմբ.) էի վերցրել, մերոնք էլ ուրախացել էին, թե բժիշկ կդառնամ, էն էլ նարկոման դարձա։ Համապատասխան մասնագիտություն էլ ստացա, բայց այդպես էլ չաշխատեցի» (ընդունվել և ավարտել է Երևանի բժշկական համալսարանի դեղագործական ֆակուլտետը)։
Կարենն առաջին անգամ 1984 թվականին է հայտնվել ճաղերի հետևում` բուհում սովորելու տարիներին։ Նա նույն հանցանքի համար անընդմեջ է դատապարտվել, ընդհանուր առմամբ անազատության մեջ է եղել 38 տարի։ Պատիժը կրել է տարբեր կալանավայրերում` Խորհրդային Միության տարիներին եղել է անգամ Պերմի «Սպիտակ կարապ» կալանավայրում։ Այդ ընթացքում շատ գրքեր է կարդացել և 38 տարում 8 լեզու է սովորել, վարժ խոսում է անգլերեն, թուրքերեն, պարսկերեն, լատիշերեն, ռուսերեն, այժմ էլ իսպաներեն է ուսումնասիրում։ Այս տարիներին սկսել է նաև իր կյանքի մասին գիրք գրել, բայց վերնագիրը դեռ չի որոշել, չնայած արդեն գրեթե ավարտին է հասցնում։
Տղամարդը թմրամիջոց գործածելու համար իր կյանքի մեծ մասն անցկացրել է անազատության մեջ
© Sputnik / Aram Nersesyan
Շուրջ 1 ամիս առաջ է ազատ արձակվել ու մոտ 15 օր է` գտնվում է Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում։ Բուժումն ավարտելուց հետո պատրաստվում է դուրս գալ ու լուծել ծնողներից մնացած բնակարանի հարցը, որն այս տարիների ընթացքում, նրա խոսքով, քաղաքապետարանը վաճառել է իբրև թե իր մահացած լինելու պատճառով։ Ասում է` եթե չկարողանա լուծել այդ հարցը, ստիպված կլինի որևէ խախտում անել ու վերադառնալ կալանավայր, որպեսզի դրսում չմնա։ Այդպես արդեն 1 անգամ արել է 2014 թվականին։
«Այդ ժամանակ մի քանի օր առաջ էի ազատ արձակվել, բնակության վայր չունեի, գնացել էի անօթևանների կացարան, որտեղ չկարողացա ապրել, ապա 2-3 օր դրսում սոված ու ծարավ մնալուց հետո հանցանք կատարեցի։ Կարևոր չէ, թե ինչ, գնացի ոստիկանություն, խոստովանեցի, գտան տուժածին, որը չէր ցանկանում բողոքել, խնդրեցի` բողոքեց, ու ինձ կրկին կալանավորեցին»,– պատմեց նա։
Այսօր թմրամիջոցների գործածման և ապրելակերպի պատճառով Կարենը մի շարք առողջական խնդիրներ է ձեռք բերել` չարորակ մելանոմա (մաշկի քաղցկեղ. խմբ.), խոցերն են պայթել, 2 անգամ էլ սրտի կաթված է տարել։
Ինչպես է մարդը թմրամոլ դառնում
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի հոգեբան Անուշ Ճենտերեճյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ թմրամիջոցների օգտագործումից հետո կախվածության մեջ հայտնվելը կապված է 3 գործոնի հետ` հոգեբանական, սոցիալական և բիոլոգիական։
Նրա խոսքով` հիմնականում կախվածությունների մեջ են ընկնում մանկական տրավմաներ ունեցող անձինք։
«Կախվածություն ձեռք բերել կարող է ստիպել նաև միջավայրը, բիոլոգիական մակարդակում էլ անձի առանձնահատկություններն են շատ կարևոր, օրինակ` գենետիկական հակվածությունը։ Մեծ նշանակություն ունի նաև տարիքը, սեռը։ Անձինք թմրամիջոցներ օգտագործում են, չարաշահում են կա՛մ ակտիվանալու, կա՛մ գիտակցությունը հանգստացնելու համար»,– նշեց Ճենտերեճյանը։
Ըստ համաշխարհային պրակտիկայի` թմրանյութերի օգտագործումը հիմնականում սկսվում է դեռահասությունից։ Վերջին տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում մոտ 35 մլն մարդ տառապում է թմրանյութային կախվածությունից և բուժման կարիք ունի։
Հոգեբաններից շատերը վստահեցնում են` կարևոր է նաև թմրամիջոց գործածողների հարազատների հետ աշխատելը, քանի որ հաճախ նրանք մեղադրում են կախվածության մեջ գտնվողներին։ Նման պարագայում վերականգնման հիմնական երաշխիքը պացիենտի ցանկությունն է ու կամքը, բայց եթե հարազատները հրաժարվեն նրանից, ապա նա գուցե չցանկանա բուժվել։
Ինչպես է ոստիկանությունը պայքարում թմրաշրջանառության դեմ
Այն, որ թմրաշրջանառությունը աճել է Հայաստանում, վկայում են նաև ոստիկանության տվյալները։ Ինչպես մեզ հայտնեց ՀՀ քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության մայոր Վահան Պապիկյանը, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ իրենք փոխել են աշխատանքի մեխանիզմները, որոնց շնորհիվ սկսել են ավելի շատ բացահայտումներ անել։
ՀՀ քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության մայոր Վահան Պապիկյանը
© Sputnik / Asatur Yesayants
«Երկրում հիմնականում օգտագործվում են հետևյալ թմրամիջոցները` մարիխուանա, հաշիշ, էքստազի, ալֆա PVP և մեթամֆետամին։ 2021թ.–ի 9 ամսվա ընթացքում հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործություններով քրեական պատասխանատվության ենթարկված անձանցից 19–ն իգական սեռի ներկայացուցիչ է եղել, իսկ 2022 թվականին` 14–ը»,– ասաց Պապիկյանը։
2022 թվականի 9 ամսվա ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված հանցագործությունների 1420 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1050–ի համեմատ։ 2021 թվականի համեմատ իրացման դեպքերն աճել են։
Թմրանյութեր հայտնաբերվում են նաև ՀՀ ժամանած օտարերկրացիների մոտ` 2021-ին` 8 հոգու, իսկ այս տարի` 20։
Պապիկյանի խոսքով` թմրամիջոցները Հայաստան են հասնում ամենատարբեր ճանապարհներով, ոմանք փոստով են առաքում, մյուսները` սեփական մարմնի մասերը «օգտագործում» ( օրինակ` կուլ տալու կամ հետանցքի միջոցով)։ Դրանք ներկրվում են եվրոպական երկրներից, Ռուսաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, սակայն չի կարելի ասել, որ հենց առաջին կետն այդ երկրներն են, հաճախ դրանք շղթայական կապով են հասնում։
Հայաստանում էլ թմրաշրջանառությունն ամենաշատն իրականացվում է Երևանում, ապա Գյումրիում և Վանաձորում, ինչը, ըստ ոստիկանի, կապված է բնակչության թվի, սոցիալական վիճակի հետ։
Այս ամենից հնարավորինս խուսափելու համար ոստիկանությունը պարբերաբար դասընթացներ է անցկացնում դպրոցներում, հանդիպում աշակերտների հետ` ներկայացնելով թմրամիջոցների վատ կողմերն ու դրա հետևանքները։
Թմրաշրջանառության դեմ պայքարող իրավապահները հանդիպում են նաև զավեշտալի, հումորային իրավիճակների։ Դեպք է եղել, երբ ոստիկանները տեղեկություն են ստացել մի քաղաքացու մասին, որը կասկածվել է թմրանյութերի գործածման և դրա իրացման մեջ, գնացել են նրա տուն, և ուշադրության կենտրոնում է հայտնվել ընտանի կենդանին, որը շատ անհանգիստ շրջել է տան մեջ։ Մի պահ կենդանին մոտեցել է գորգին ու անկյունում սկսել թաթով «փորել»։ Իրավապահները բարձրացրել են գորգը և հայտնաբերել մի քանի գրամ թմրանյութ, իսկ մնացածը տան այլ հատվածներում է պահված եղել։
Թմրամիջոցի տարածման նոր մեթոդները
Այսօր աշխարհի տարբեր երկրներում, ինչպես նաև ՀՀ–ում շատ տարածված է թմրանյութերի իրացման տարբերակներից ամենադժվար բացահայտվողը` համացանցի միջոցով վաճառքը։ Ոստիկանության ջանքերի շնորհիվ արդեն իսկ փակվել է թմրանյութերի առուվաճառքով զբաղվող Telegram–յան 14 անձնական էջ, 15 ալիք, 8 զրուցարան (chat)։
Համացանցի միջոցով թմրամիջոցների վաճառքն ամբողջությամբ իրականացվում է առցանց` պատվերի ձևակերպումից, վճարումից մինչև տեղադրված «ապրանքի» վայրի մասին տեղեկության փոխանցում։ Ոչ միայն վաճառողը, այլև գնորդը մնում են անանուն։ Հատկապես անչափահասների ծնողները պետք է զգոն լինեն և շատ ուշադիր։
Մենք նաև փորձեցինք կապ հաստատել հասարակական կազմակերպությունների հետ, որոնք աշխատում են թմրամոլների կամ այդ կախվածությունից ձերբազատված անձանց հետ։ Ցանկանում էինք պարզել, թե ինչ ծրագրեր են իրականացվում նրանց զբաղվածությունն ապահովելու համար, սակայն մեզ հայտնեցին, որ չեն կարող տեղեկություններ տրամադրել այն անձանց մասին, որոնց հետ աշխատում են իրենք։