ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX), ««ՀայՓոստ» ՓԲԸ և «ՀայՓոստ Յու Էս Էյ Քորպ.» կորպորացիա» անձանց խմբի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ: Տեղեկությունը հայտնում է ՄՊՀ մամուլի ծառայությունը։
Վարույթների քննության արդյունքում հանձնաժողովն արձանագրել է, որ հիշյալ տնտեսվարողներն առաքումների ժամկետների առնչությամբ կատարված հրապարակումներում տեղեկությունը ներկայացրել են այն ձևով, որն առաջացրել է թյուր տպավորության (ապակողմնորոշման) ստեղծման հնարավորություն։
Մասնավորապես` առաքումների իրական ժամկետի վերաբերյալ սպառողին ամբողջական պատկերացում կազմելու հնարավորություն չեն տվել, ինչպես նաև իրականացրել են օրենքին հակասող գովազդներ:
Արդյունքում հանձնաժողովի որոշումներով «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է ընդհանուր 61 741 125 ՀՀ դրամի, «Օնէքս» ՍՊԸ-ի նկատմամբ` 18 311 294 ՀՀ դրամի և ««ՀայՓոստ» ՓԲԸ և «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ.» կորպորացիա» անձանց խմբի նկատմամբ՝ 2 880 192 ՀՀ դրամի չափով տուգանքներ: