Մեր երազանքների թիվը չէ. Բաթոյանը` նվազագույն աշխատավարձը 7000 դրամով բարձրացնելու մասին

2023 թվականի հունվարի 1-ից աշխատողին 75 000 դրամից ցածր վարձատրելն օրենքի խախտում կլինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՀՀ–ում նվազագույն աշխատավարձը 2023 թվականի հունվարի 1-ից կբարձրանա: ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ տեղեկությունը հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը` ներկայացնելով «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը։
Սարգսյանի խոսքով` նվազագույն աշխատավարձը 68.000 դրամից կդառնա 75 000 դրամ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանն իր հերթին հայտնեց, որ սա, իհարկե, իրենց երազանքների թիվը չէ։
«Սակայն 75 000 դրամն այն շեմն է, որից նվազ վճարելը քաղաքացիներին օրենքի խախտում կհամարվի»,–ասաց Բաթոյանը։
Հիշեցնենք, որ այս ծրագրված բարձրացման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռ 2022թ.–ի հունիսին, երբ կառավարությունը հաստատում էր կենսաթոշակների ու նպաստների ավելացման որոշումը։