ՀՀ ԱԽ քարտուղարը ԵՄ բանագնացներին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը

ԱԽ քարտուղարը ԵՄ բանագնացներին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը
Գրիգորյանը խոսել է տարածաշրջանային տնտեսական կապերի ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը: Այս մասին գրել է ԱԽ քարտուղարը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում։
«Բարձր եմ գնահատել ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ՀՀ-ԵՄ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ անդամ պետությունների հետ առանձին երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը: Վստահություն եմ հայտնել, որ բազմաոլորտ համագործակցությունն ունի հնարավորություն ներառելու նաև անվտանգության ոլորտը»,- գրել է Գրիգորյանը։
Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպման ընթացքում անդրադարձել է ԵՄ դիտորդական առաքելությանը՝ կարևորելով այդ ներուժի հնարավորությունը տարածաշրջանում անվտանգության ամրապնդման համար:
Գրիգորյանը ներկայացրել է նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը։ Անդրադարձել է տարածաշրջանային տնտեսական կապերի ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ու սահմանազատման հարցերին, ներկայացրել սահմանային անվտանգության գործընթացների որոշ մանրամասներ:
Նշենք, որ ավելի վաղ Եվրամիության բանագնացներին ընդունել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, նաև ԱԺ փոխխոսնակ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։