Երևանում գործող բենզալցակայաններից մեկի շահագործումը դադարեցվել է. ի՞նչ կանոններ են խախտել

Բենզալցակայան
Հայաստանի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը բենզալցակայանում իրականացրել է վերահսկողություն ու հայտնաբերել խախտումներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ Երևանում գործող «ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍՊԸ–ին պատկանող բենզալցակայանի շահագործումը դադարեցվել է` հրդեհային և տեխնիկական անվտանգության կանոնները խախտելու համար։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։
Երևանի Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկում գործող բենզալցակայանում տեսչական մարմինն իրականացրել է վերահսկողություն ու պարզել, որ այն շահագործվում է հեղուկ վառելիքի պահպանման վերգետնյա տարողություններով։ Այնինչ, ըստ օրենքի, բնակավայրերում ավտոմոբիլների հեղուկ վառելանյութի լիցքավորման կայանները պետք է լինեն միայն հեղուկ վառելիքի պահման ստորգետնյա պահեստարաններով։
«Հայտնաբերվել են նաև այլ խախտումներ, և տեսչական մարմնի ղեկավարը որոշել է դադարեցնել բենզալցակայանի հետագա շահագործումը»,– ասված է հաղորդագրությունում։
Որոշման ստացման պահից սկսած՝ 2 օրվա ընթացքում բենզալցակայանը պետք է ամբողջությամբ դատարկվի, չեզոքացվի պահեստարաններում առկա վառելիքը։
«Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում արձանագրվել է շուրջ 557 մլն դրամի վնաս