ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Մոսկվան ուշադիր հետևում է դաշնակից երկրների դիրքորոշումներին։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինային փոխհատուցումների մասին ՄԱԿ-ի բանաձևի քվեարկության ժամանակ ՌԴ դաշնակիցների ձեռնպահ մնալը։
«Դրանք ինքնիշխան պետություններ են։ Մենք ուշադիր հետևում ենք նրանց դիրքորոշմանն այս կամ այն հարցի շուրջ»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ ընդունել է «Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնասի փոխհատուցման մեխանիզմ սահմանելու մասին» բանաձևի նախագիծը:
Փաստաթղթի օգտին քվեարկել է 94 պետություն, 14-ը դեմ են քվեարկել, իսկ 73 երկիր ձեռնպահ է մնացել: 11 երկիր ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը։
Դեմ են քվեարկել Բելառուսը, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը, Չինաստանը, Կուբան, ԿԺԴՀ-ն, Էրիթրեան, Եթովպիան, Իրանը, Մալին, Ռուսաստանը, Սիրիան և Զիմբաբվեն:
Ձեռնպահ մնացած երկրների շարքում են Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանն ու Սերբիան։
Վրաստանը և Թուրքիան կողմ են քվեարկել, իսկ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստը տեղի է ունեցել Կանադայի, Գվատեմալայի, Նիդեռլանդների և Ուկրաինայի նախաձեռնությամբ։