Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները երեք նոր պատգամավոր ունեն

ԱԺ-ի «Հայաստան» խմբակցություն. Արխիվային լուսանկար
Հայտնի է, թե ովքեր են փոխարինելու Արթուր Վանեցյանին, Մխիթար Զաքարյանին և Արթուր Ղազինյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները երեք նոր պատգամավոր ունեն։ Այսպես, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանի փոխարեն Մարտուն Գրիգորյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատը։
Իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Ղազինյանի փոխարեն Արգիշտի Գևորգյանը և Գառնիկ Դանիելյանը պատգամավորական մանդատ ստացան։
Նշենք, որ ԱԺ հերթական քառօրյա նիստին ներկա են նաև ընդդիմադիր պատգամավորները։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հունիսի 21-ին հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը
Հուլիսի 4-ին էլ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն էր հայտարարել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։ Իսկ հոկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ Մխիթար Զաքարյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։