ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողի սպանության փաստով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ծառայակցի արձակած կրակոցից 20-ամյա զինծառայող է սպանվել։
ՔԿ-ն նաև որոշ մանրամասներ է հայտնել դեպքի առնչությամբ։ Նախնական տեղեկություններով՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը «АК-103» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել, որի հետևանքով դիրքի ավագ, շարքային Վահե Հովսեփյանը ստացել է հրազենային վիրավորում։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին արձանագրվել է զինծառայողի կենսաբանական մահը։
ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը`պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով) նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարույթային այլ գործողություններ ՝ զինծառայողի կողմից ծառայակցի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կրակահերթ արձակած պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն: