ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։
Քննարկվել են, մասնավորապես, Հայաստան-Եվրամիություն երկկողմ օրակարգին և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ու նշանակության վերաբերյալ հարցեր:
«Նախարար Միրզոյանը զրուցակիցներին է ներկայացրել սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքները, անդրադարձ կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանում կայնության ու խաղաղության հաստատմանը շարունակում են խոչընդոտել Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները»-նշված է հաղորդագրության մեջ:
Կողմերն անդրադարձել են նաև սահմանազատման ու սահմանային անվտանգության գործընթացների, տարածաշրջանային տնտեսական կապերի ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման աշխատանքների զարգացումներին:
Հիշեցնենք` քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյան–Էմանուել Մակրոն–Շառլ Միշել–Իլհամ Ալիև քառակողմ հանդիպման ժամանակ։
ԵՄ դիտորդների առաքելությունը նախատեսված է երկու ամսվա համար։ Աշխատանքի նպատակը տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը, վստահության ձևավորմանն ու սահմանին դելիմիտացիայի և անվտանգության հանձնաժողովի աշխատանքին նպաստելն է։