Շիրակի մարզում հայտնի լրագրող Աննա Մարտիկյանին բոլորը գիտեն ոչ միայն որպես արհեստավարժ լրագրողի, այլ նաև որպես էքստրիմի սիրահարի՝ նա նախ իրեն փորձեց օդում՝ պարաշյուտային ավելի քան տասը թռիչք է կատարել, ապա ջրում. առաջին անգամ լողալ սովորելուց հետո զգաց, որ ստորջրյա աշխարհն իրենն է:
Սկզբում սուզորդությամբ՝ դայվինգով էր զբաղվում, հետո, երբ այցելեց Սինայի թերակղզի ու տեսավ Կարմիր ծովը, որոշեց ստորջրյա պատկերներ ստանալ:
Ստորջրյա լուսանկարչությունից մինչև նորաձևություն
© Photo : Mohsen Elsakan / provided by Anna Martikyan
Ի դեպ, ստորջրյա լուսանկարչությանը նոր բան չէ՝ 20-րդ դարի կեսին ֆրանսիացի օվկիանոսագետ, ճանապարհորդ Ժակ Իվ Կուստոն նախագծեց «Սուզվող սկավառակ» տեսախցիկը, իսկ Ամերիկայում լուսանկարիչ Բրյուս Մոզերտը, որը համարվում է ամերիկյան ստորջրյա լուսանկարչության առաջամարտիկը, 1930-ականներին կատարելագործեց նորաստեղծ ստորջրյա լուսանկարչությունը՝ ջրի հատակին ստեղծելով կենցաղային ու առօրյա ամենատարբեր տեսարաններ:
«Բաց ջրերում՝ ծովերում, լճերում նկարահանումներ կատարելիս կան նրբություններ, որոնց պետք է տիրապետել նաև կենդանական աշխարհի հետ ներդաշնակվելու և համապատասխան տեսագրություններ կատարելու համար։ Ամերիկյան աշխարհահռչակ PADI սուզորդական կազմակերպությունը հատուկ ուղղություն ունի՝ վերապատրաստում է սուզորդ օպերատորների»,-Sputnik Արմենիային պատմում է Աննան նշելով, որ PADI-ի վերապատրաստման փորձին ծանոթանալու ամենամոտ և մատչելի տեղը եգիպտական պատկանող Սինայի թերակղզին է։
Այնտեղ մի փոքրիկ գյուղաքաղաք կա՝ Դահաբը, որտեղ միջազգային սուզորդական կենտրոններ են գործում։ Հենց այդտեղ Աննան ծանոթացել է ստորջրյա հայտնի տեսալուսանկարիչ Մոհսեն Էլսականի հետ։
Ստորջրյա լուսանկարչությունից մինչև նորաձևություն
© Photo : Mohsen Elsakan / provided by Anna Martikyan
«Մի վարդագույն գլխաշոր ունեմ, ջրի տակ լուսանկարվելիս միշտ կրում եմ՝ ցույց տալու համար, թե տարբեր խորություններում այն ինչպես է իր երանգները փոխում վարդագույնից մինչև կապույտ»,-պատմում է Աննան տեղեկացնելով ստորջրյա մոդել դառնալու համար պետք է որոշ չափով ֆրի-դայվինգի տիրապետել՝ առանց ակվալանգի սուզվել: Ի դեպ, Աննան ֆրի-դայվինգի կուրսեր անցել է Հայաստանում՝ Սևանում:
«Դահաբում որպես մոդել առաջին լուսանկարներս չստացվեցին՝ փորձում էի մոտենալ ձկներին՝ իրենք հեռանում էին, հետո Մոհսեն ասաց, թե ինչ չպետք է անեմ ջրում. ոչ թե ես պետք է մոտենամ բնությանը, այլ թողնեմ, որ բնությունն ինձ մոտենա, այդ ժամանակ նոր գեղեցիկ պատկերներ ստացվեցին»,-պատմում է գյումրեցի սուզորդը պարզաբանելով, որ ակվաֆեյշն նկարահանումները ջրի և համապատասխան կտորների օգնությամբ նկարներ ստանալն է:
«Ինձ շատ հետաքրքիր էր ջրի մեջ վալս պարելը, և դա ևս փորձեցի մոտ 30 մետր խորության վրա՝ 4 մթնոլորտ ճնշման տակ, երաժշտությունը՝ մտքումս»,-նշում է Աննան հավելելով, որ Սևանում ևս հնարավոր է ակվաֆեյշն նկարահանումներ անել, պարզապես Սևանի ջրի տեսանելիությունը այդքան էլ լավը չէ:
Ծով չունենալը Աննայի ու նրա նման ստորջրյա հեքիաթային երազանքը իրականություն դարձնողների համար խնդիր չէ: Ասում է՝ շատ հայերի համար ստորջրյա տեսալուսանկարահանումները դարձել են սիրած զբաղմունք, ակվաֆեյշնը ինքն է փորձում տարածել:
Հաջորդ ամառվա համար Աննան խոստանում է տպավորիչ ջրային լուսանկարներ հայրենի բնությունից: