Ստամբուլի պայթյունի գործով ձերբակալված կա. ՆԳՆ ղեկավարը կոշտ պատասխան է խոստացել

Ոստիկաններ
Թուրքիայի ներքին գործերի նախարարը կարծում է, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած են քուրդ ակտիվիստները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Իսթիքլյալ փողոցում ռումբ թողած քաղաքացին ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է թուրքական «TRT World» հեռուստաալիքը` հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին։
Նշենք, որ նոյեմբերի 13–ին Թուրքիայի կենտրոնում պայթյուն էր որոտացել, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր 6 զոհի մասին։ Ավելի ուշ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել էր 81 տուժածի մասին և նշել, որ երկրի իշխանությունները Ստամբուլում տեղի ունեցած պայթյունը համարում են ահաբեկչություն, որը մի կին է իրագործել։
Ներքին գործերի նախարարը լրագրողներին ասել է, որ նախնական տվյալներով` պայթյունի հետևում կանգնած են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) և քրդական Ժողովրդի պաշտպանության ջոկատները (YPG): Ե՛վ PKK-ն, և՛ YPG-ն Թուրքիայում համարվում են ահաբեկչական կազմակերպություններ:
Սոյլուն նաև նշել է, որ Թուրքիային ցավ պատճառած հարձակման և՛ կազմակերպիչները, և՛ հեղինակները կոշտ պատասխան կստանան։
«Մենք հետքը գտել ենք։ Կասկած կա, որ հրամանը եկել է Քոբանիից (Սիրիայի քաղաք.խմբ.), պայթյունն իրագործողը անցել է Աֆրինով, հիմա այս ամենը պարզվում է»,- ասել է նախարարը։
Նա հավելել է` Թուրքիան շուրջ վեց տարի այսպիսի ահաբեկչության չէր բախվել։
Նշենք, որ Իսթիքլյալ փողոցը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, արդեն բաց է հետիոտների համար։