Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունը Թուրքիայում հսկայական հակաամերիկյան ալիք է առաջացրել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թուրքագետ Նելլի Մինասյանը։
Նա որպես պատճառ նշում է, որ ԱՄՆ–ն հովանավորում է քրդական այն կազմակերպություններին, որոնց ահաբեկչական ճանաչելու ուղղությամբ Թուրքիան երկար տարիներ պայքարում է. այս դեպքում էլ ահաբեկչության մեջ կասկածում են ազգությամբ քուրդ կնոջ։
«Ըստ էության իրենք համարում են այդ ահաբեկչությունը բացահայտված և ներկայացնում են, որ դա քրդական ուժերն են արել, մասնավորապես «Քրդական բանվորական կուսակցության» մասին է խոսվում։ Թուրքիան շատ վաղուց աշխատանքներ է տանում, որ այդ կուսակցությունը և Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը աշխարհում որպես ահաբեկչական կազմակերպություններ ճանաչվեն, մասնավորապես՝ ՆԱՏՕ–ի շրջանակներում։ Իսկ ԱՄՆ–ին այս ահաբեկչությունից հետո Թուրքիայի ներքին գործերի նախարարը ուղղակիորեն մեղադրեց ահաբեկիչներին հովանավորելու համար, նաև ԱԳՆ–ի տարածած հաղորդագրությունից մենք տեսնում ենք, որ չեն ընդունում Միացյալ Նահանգների ցավակցությունները»,–ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` առաջին անգամն է, որ նման հակաամերիկյան տրամադրություններ են Թուրքիայում, և այդ տրամադրությունները ապահովվում են նաև պետական կառույցների և ԶԼՄ–ների կողմից։
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են ահաբեկչության կատարման բոլոր սլաքները թուրքական իշխանությունները ուղղում դեպի քրդերը, մեր զրուցակիցը նշեց` նորություն չէ, որ Թուրքիան քրդերի հետ ունի խնդիրներ ոչ միայն երկրի ներսում, այլ նաև Սիրիայի հյուսիսում, որտեղ թուրքական ուժեր են տեղակայված։
Թուրքական մամուլը ներկայացնում է, որ ահաբեկիչը եկել է Սիրիայից, և դեպքի հետ կապված այլ վարկածների տեղ չի թողնում, սակայն, Մինասյանի խոսքով, վախեցած կնոջ հրապարակված նկարները կասկած են հարուցում, որ նա կարող է ահաբեկիչ լինել։
Բացի քրդերի հետ խնդիրներից, ահաբեկչությունը կարող է կապ ունենալ նաև Թուրքիայում առաջիկայում սպասվող ընտրությունների հետ։
«Թուրքիայում ահաբեկչությունների շարք եղել է 2015-2019 թվականներին, այս երկու տարին կարծես թե չէր եղել, սա թուրքական իշխանությունները համարում են սաբոտաժ, իրավիճակը ապակայունացնելու փորձ։ Ակնհայտ է` Արևմուտքը ցանկանում է ազատվել էրդողանից, և սա կարող է կապ ունենալ սպասվող ընտրությունների հետ»,–ասաց նա։
Թուրքագետը չի բացառում, որ հենց իշխանություններն ինչ–որ չափով առնչություն ունենան ահաբեկչության հետ, հաշվի առնելով, թե որքան փութաջանորեն են թուրքական իշխանությունների կողմից սլաքներն ուղղվում քրդական ուժերի կողմը, ու դա այն դեպքում, որ սպասվող ընտրություններին քրդական ուժերը ցանկանում են միավորվել խորհրդարան անցնելու համար։
Մինասյանը տեղեկացրեց, որ ահաբեկչությունից անմիջապես հետո Թուրքիայում փակվել են սոցցանցերը, ինֆորմացիայի հետ կապված սահմանափակումներ են դրվել, իսկ թուրքական մամուլում տեղ գտած տեքստերից ենթադրելի է, որ ԶԼՄ–ները համակարգվում են Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից։
Հիշեցնենք` նոյեմբերի 13–ին Թուրքիայի կենտրոնում պայթյուն էր որոտացել, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Թուրքական մամուլը հրապարակել է ահաբեկչության մեջ կասկածվող անձանցից մեկին ձերբակալելու տեսագրությունը։ Կադրերում երևում է, թե ինչպես են ուժայինները մի կնոջ ձերբակալում։