ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու աղաղակող գործողություն է որակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոյեմբերի 8-ի հայտարարությունը։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։
«Զինվորական համազգեստով և զինվորական լսարանի համար ելույթ ունեցող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 8-ի իր սպառնալից և ագրեսիվ ելույթում հայտարարեց, որ Սիսիանը, Գորիսը, Կապանը և այլ հայկական քաղաքներ գտնվում են իրենց տեսադաշտում, և հայերը պետք է հասկանան, թե դա ինչ է նշանակում։ Սա քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու աղաղակող գործողություն է»,– գրել է ՀՀ վարչապետը։
Նշենք, որ Իլհամ Ալիևը իր ելույթում նշել էր, որ սեպտեմբերյան գործողություններից հետո հայ-ադրբեջանական սահմանին հիմնական ռազմավարական բարձունքներում տեղակայվել են ադրբեջանական զինված ուժեր: Նա ակնարկել էր, որ Հայաստանը պետք է շատ լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։ Ալիևը նաև հայտարարել էր, որ ադրբեջանցի զինվորականները ռազմավարական բարձունքներից իրենց աչքերով են տեսնում Սիսիան, Կապան, Գորիս, Ջերմուկ քաղաքները:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։