Փաշինյանի ստորագրած թղթերում ԼՂ արտահայտությունը հասավ 0-ի. Միկոյանի պատասխանը վարչապետին

Բագրատ Միկոյան
2–րդ նախագահի գրասենյակի համակարգողը շեշտել է` Ռոբերտ Քոչարյանի բանակցային խոսույթում միշտ կարմիր թելի պես անցել է, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Մադրիդյան սկզբունքների գրեթե ամեն տողում կա Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած թղթերում այդ արտահայտությունը հասավ զրոյի: Yerevan.today-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը` մեկնաբանելով Փաշինյանի՝ վերջին հարցազրույցում հնչեցրած մտքերը։
ՀՀ վարչապետը նոյեմբերի 11-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, թե 2007 թվականին բանակցությունների հիմք ընդունված Մադրիդյան փաստաթղթով Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմում։
«2007-ին բանակցային ծանր ջանքերի շնորհիվ բանակցային սեղանին հայտնված Մադրիդյան սկզբունքներով ոչ միայն չկար և չէր էլ կարող լինել Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, այլև առաջին անգամ միջազգայնորեն ընդունելի և երաշխավորվող էր դառնում Արցախի ինքնորոշման իրավունքը: Մադրիդյան սկզբունքները հրապարակված են, և նույնիսկ Ալիևի կամ որևէ այլ թուրքի մտքով այսքան ժամանակ չի անցել պնդել, թե դրանցում Արցախը ճանաչվում էր Ադրբեջանի մաս»,–ասել է Միկոյանը։
Նրա խոսքով` Քոչարյանի բոլոր ելույթներում և բանակցային խոսույթում միշտ կարմիր թելի պես անցել է, որ Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և որևէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: Ըստ Միկոյանի` Փաշինյանը նույնիսկ վախենում է արտաբերել Արցախի Հանրապետություն, ինքնորոշում բառերը:
Ադրբեջանը ԼՂ-ի հայությանն անվանում է իր քաղաքացիներ և կրակում նրանց վրա. Փաշինյան
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, թե Արցախը բանակցություններից դուրս է թողնվել 1998 թվականին, ապա Միկոյանը նշել է, որ Արցախը դուրս է թողնվել բանակցություններից Փաշինյանի «քաղաքական հոր» կառավարման ժամանակահատվածում՝ 1996-1997 թթ., ինչի մասին կան բազմաթիվ փաստական հրապարակումներ և գործող անձանց ինքնախոստովանական ելույթներ (դրանք բազմիցս հրապարակվել են):
Նա հավելել է, թե Քոչարյանի ժամանակ Մինսկի խմբի համանախագահները գրեթե միշտ այցելել են Արցախ և տասնյակ անգամներ բանակցություններ են ունեցել Արցախի նախագահի հետ. Փաշինյանի օրոք այդպիսի բան ընդհանրապես չի եղել: Սա, ըստ Միկոյանի, փաստում է, որ Արցախը բանակցություններից վերջնականապես դուրս թողեց հենց Փաշինյանը: