Նոր ձևավորված առաջնագծի որոշ հատվածներում ինժեներական աշխատանքներն ավարտվել են. Խաչատրյան

Արմեն Խաչատրյան
Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ այս պահին առաջնագիծը կահավորելը որևէ կերպ պայմանավորված չէ հետագա սահմանների գծման հեռանկարների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Սեպտեմբերյան ագրեսիայից հետո նոր ձևավորված առաջնագծի հատվածում ինժեներական աշխատանքները շարունակվում են, առաջին անհրաժեշտ ինժեներատեխնիկական լուծումներն ավարտվել են։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։

«Ինժեներական աշխատանքները բավականին ակտիվ ընթացի մեջ են։ Ավելին` որոշ հատվածներում դրանք արդեն իսկ ավարտվել են։ Չնայած ինժեներական աշխատանքն այնպիսի բան է, որ սկսվում և երբեք չի ավարտվում` նոր պայմաններ են ի հայտ գալիս և այլն։ Սակայն առաջնահերթ աշխատանքները շատ վայրերում արված են»,–ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` առաջնային աշխատանքների ավարտից հետո կսկսվի աշխատանքների հաջորդ փուլը` երկաթբետոնյա պատնեշների կառուցման, ինժեներատեխնիկական լուծումների շրջանը։
Խաչատրյանը շեշտեց` այս պահին առաջնագիծը կահավորելը որևէ կերպ պայմանավորված չէ հետագա սահմանների գծման հեռանկարների հետ, այլ պայմանավորված է կոնկրետ այս պահին պաշտպանունակությունը բարձրացնելով։ Նա նշեց` պետք է պատրաստ լինեն բոլոր առումներով, քանի որ ցանկացած սցենար կարող է լինել։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Հրապարակվել է սեպտեմբերի զոհերի առաջին պաշտոնական ցուցակը. 197–ից 93-ի անունները հայտնի են