Միրզոյանն ու Խովաևը քննարկել են Սոչիի եռակողմ հանդիպումը

Միրզոյանն ու Խովաևը քննարկել են Սոչիի եռակողմ հանդիպումը
Արարատ Միրզոյանը շեշտել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալու կողմերի հանձնառության կարևորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանն իր ագրեսիվ վարքագծով և առավելապաշտական նկրտումներով շարունակում է խոչընդոտել տարածաշրջանում կայուն ու երկարաժամկետ խաղաղության հաստատմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, տեղեկանում ենք ԱԳՆ կայքից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն առնչվող վերջին զարգացումները:
Միրզոյանն ու Խովաևը քննարկել են Սոչիի եռակողմ հանդիպումը
«Զրուցակիցներն անդրադարձել են հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին եռակողմ հանդիպմանն ու ընդունված համատեղ հայտարարությանը: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալու կողմերի հանձնառության կարևորությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Միրզոյանը և Խովաևը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ։
Խովաևին այսօր ընդունել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31– ին Սոչիում տեղի է ունեցել եռակողմ գագաթնաժողով` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Բանակցությունների արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն։