Դերասանը հիշեցրել է, որ պետությունն աշխարհին ճանաչելի է նախ և առաջ իր մշակույթով, ինչը լավ հասկանում է նաև թշնամին, ու փորձում ոչնչացնել մեր մշակութային կոթողները։
Բորիս Պեպանյանը մանրամասնել է կատակերգության ժանրին բնորոշ առանձնահատկությունները, հիշել խաղացած բազմաթիվ և բազմաժանր կերպարներն ու խոստովանել, որ թեև վերջին անգամ 1994-ին է խաղացել «Տաքսի-տաքսի»-ում, մինչ օրս շատերն իրեն ողջունելիս ասում են՝ բարև, Հովո։
Սարսափ եմ ապրում ոչ թե ինձ համար, այլ երիտասարդների
Երկրում ստեղծված իրավիճակից Բորիս Պեպանյանը դեպրեսիա է ապրում, հուզմունքով է խոսում հրաշք երիտասարդ սերնդի կորստի, ծնողների ցավի մասին։ Ամենից շատ գանգատվում է ժողովրդին ստի մթնոլորտում պահելուց ու տիրող անորոշությունից, թեև կանխատեսելի հանգուցալուծումը, նրա խոսքով, հազիվ թե լինի հօգուտ Հայաստանի։
«10 օրվա ընթացքում շտապօգնությունը 5 անգամ հասցրել է ինձ հիվանդանոց։ Գիշերները չեմ քնում։ Կինս բժշկուհի է, արգելել է հեռուստացույց նայել, բայց չեմ կարող անտեղյակ լինել։ Հեռախոսով կարդում եմ նորությունները, զինվորի հետ կապված դեպքերն ու ահավոր ապրումների մեջ ընկնում», - պատմում է դերասանը։ Նա սարսափում է այն մտքից, որ կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ ժողովուրդը փախչի երկրից։ Այդ ժամանակ՝ վերջ։ Հայաստանը կկորցնենք, կամ Երևանը կարող է դառնալ քաղաք-պետություն։ Եվ սա, բնավ, իր պնդմամբ, հոռետեսություն չէ, այլ մտորումներ այն մասին, թե ի՞նչ են մտածում «վերևներում»։
Լռե՞լ, թե՞ արարել
«Արվեստագետներ կան, որ լռում են, բայց հոգու խորքում «բունտովշիկ» են, ու մի օր կարող են պայթել, ի վերջո որքա՞ն կարելի է լռել», - ասում է Պեպանյանը։ Նրա խորին համոզմամբ, արվեստագետը չպետք է մտնի քաղաքականության մեջ, դերասանի տեղը բեմն է․ առանց մշակույթի չեն ճանաչի հայերին, չի լինի Հայաստան, վերջ ի վերջո, դա պետք է հասկանան նաև վերևներում։ «Հիմա, այդ «հարևան» կոչեցյալները, կործանում են մեր եկեղեցիները, խաչքարերը․․․ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ինչպես նաև մերոնք, էշի ականջում քնած են։ Իսկ Եվրոպան լսում է սրիկա Ալիևին, քանի որ նրանք ավելի համարձակ են», - ստեղծված իրավիճակը վերլուծում է դերասանն ու հիշեցնում դերասաններից մեկի անհաջող մուտքը քաղաքականություն․ «Վառ օրինակ՝ Ուկրաինայի կլոունը»։
Պիեսն ու դերը՝ պայքարի միջոց
Չքաղաքականեցնելով պիեսների ընտրությունը, դերասանը անելիքը տեսնում է այն բանում, որ դահլիճից դուրս գալիս հանդիսատեսն ասի՝ դա իմ մասին է։ Իսկ նման դեպքերը, ըստ նրա, քիչ չեն։ Բավական է հիշել Գուրգեն Խանջյանի «Էսպես մինչև ե՞րբ» պիեսն իր օրհասական հարցադրմամբ ու անվանումով։ «Մարդիկ և՛ լացում էին, և՛ ծիծաղում, որովհետև մենք ենք այնտեղ, մեր վիճակը», - պատմում է դերասանն ու հիշում, որ ներկայացումներից մեկի ժամանակ ներկա էին Արցախյան առաջին պատերազմի մասնակիցները, ովքեր միմյանց ասում էին՝ սա մեր իրականությունն է, մարդիկ ճիշտ են խաղում։
Ասում է, որ արդիական շատ պիեսներ կան, նույն «Արթուր Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր», Էլբակյանի բեմադրությամբ, որտեղ Պեպանյանը մարմնավորել է, ըստ էության, Հիտլերին։ Դերասանը զուգահեռներ է տեսնում հերոսի մենախոսությունների, ժողովրդի հետ թիկնապահների, ոստիկանների վերաբերմունքի և մեր օրերի միջև։ Նա համոզված է, որ նման անհատները ազգը սխալ ճանապարհով տանում են կործանման։
«Թատրոնը փոխում է մարդու հոգեբանությունը, հոգին։ Եթե լավ գործ է, դերասանն էլ լավ մատուցում է, մտնում է հանդիսատեսի հոգու մեջ», - հիացմունքով ասում է Բորիս Պեպանյանը և ցավով փաստում, որ նրանք, ովքեր ի զորու են ինչ-որ բան փոխել, ոչ միայն թատրոն չեն հաճախում, այլև տառերն անգամ լավ չգիտեն։
Խաչվանքյանական մարգարեություն
Պատասխանելով հարցին՝ արդյոք ինքն էությամբ ուրախ մարդ է և ինչո՞ւ է ժամանակին հայ բեմի մեծ կատակերգակ Կարպ Խաչվանքյանը ասել իր մասին՝ «այս տղան ծնվել է մեր ժանրի համար», դերասանը խոստովանում է, որ կյանքում այնքան էլ ուրախ մարդ չէ։
Իսկ պատմությունն այսպես է եղել․ «Ինստիտուտը ավարտելուց հետո չէին թողնում քաղաքում մնալ, ուղարկում էին շրջան, որպեսզի «պրովինցիաների» թատրոնը չմեռնի, հետո նոր դիպլոմ էին տալիս։ Այդ օրը փորձ էր, մեր առաջատար պարուհիներից Լենա Վարժապետյանը Կարպ Խաչվանքյանի ուշադրությունը սևեռում է ինձ վրա։ Այդ ժամանակ էլ նա ասաց հայտնի դարձած կանխատեսումը», - պարզաբանում է դերասանը։ Բայց ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր։ Եղավ աշխատելու հրավեր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, սակայն թատրոնը շուրջ 19 տարի անիվների վրա էր՝ շենքի փլուզման պատճառով։ Պեպանյանը մեկնում է Լենինգրադ, քննություն հանձնում, բայց գրանցում չունենալու պատճառով, ստիպված է լինում ետ վերադառնալ։ Սակայն, մինչ այդ, 8 ամսվա ընթացքում խաղում է ֆիլմում Յանկովսկու հետ, պրակտիկան անցում Լենինգրադի և Մոսկվայի թատրոններում, ներկա լինում Բիստրիցկայայի, Ջիգարխանյանի, Նեմոլյաևայի ներկայացումներին։
Կոմեդիան ամենաբարդ ժանրն է
Դերասանն ասում է՝ կատակերգակ լինելը շատ բարդ է և պահանջում է հատուկ հմտություններ՝ միմիկա, պլաստիկա, երգեցողություն, «գիմնաստի» ճկունություն, որպեսզի կանկան պարես։ «Ատամնաբույժն արևելյան» պիեսում, ամբողջ ներկայացումը վազքի մեջ եմ, կանկան եմ պարում ու շնորհիվ հատուկ շնչառական տեխնիկայի՝ վազքի ընթացքում ժպտում եմ, հանդիսատեսն էլ չգիտի, որ մեռնում եմ», - ծիծաղում և անկեղծանում է Պեպանյանն ու որպես ասվածի վկայություն հիշատակում իր կողմից պաշտելի Չապլինին, ում գերազանցել այդպես էլ ոչ ոքի չհաջողվեց։ Թեև հենց Կարպ Խաչվանքյանին ԱՄՆ-ի թերթերը անվանում էին հայկական Չապլին։
Բարև, Հովո․․․
Ավելի քան 90 բազմաթիվ ու բազմաժանր դերերից ու ներկայացումներից հետո մարդիկ հիշում են նրան «Տաքսի-տաքսի»-ից Հովիկի կերպարում։ «Մեր թաղում մինչ օրս ինձ ասում են՝ բարև, Հովո, տաքսիստները, ասում են՝ Հովիկ ջան, նստի տանենք», - պատմում է դերասանը և մտաբերում, որ վերջին անգամ այդ ներկայացումը խաղացել է 94 թվականին ԱՄՆ-ում։ Զարմանալի է, որ Կարպն էլ բազմաթիվ դերեր է խաղացել, բայց նրան էլ որպես Կնյազ են հիշում ու Ստախոս։ Դերասանին, բոլոր դեպքերում, հաճելի է, երբ հիշում են, ճանաչում, մոտենում, բայց շատ վատ է զգում, երբ ասում են՝ ոնց եք ծերացել․․․ Սակայն չի վիրավորվում և չի ասում, որ դերասանի երեսին չի կարելի նման բան ասել։
Փախուստ իրականությունից
Զբաղվածությունը թատրոնում շեղում է նրան իրականությունից։ Ներկայում մարմնավորում է Բերիային՝ Լաշա Բուգաձեի «Թակարդ Ստալինի համար» ներկայացման մեջ, դատավոր Ամոս Ֆեոդորովիչին՝ «Ռեվիզոր»-ում, խաղում է Էդուարդո դե Ֆիլիպոյի «Գողը դրախտում» տրագիկոմեդիայում, ընթացքի մեջ է Ալդո Նիկոլայի «Տելեգրամմա» ներկայացումը։ Շատ է կարդում ժամանակակից հայ պոեզիա ու բարձր գնահատում երիտասարդ հեղինակներին՝ Դավիթ Մշեցի, Գոռ Հարությունյան։ «Կարդում ես՝ փշաքաղվում, խոնարհում եմ նման երիտասարդության առջև», - իր հիացմունքն է հայտնում Պեպանյանը։
Հայ հանդիսատեսը, երանելի ժամանակներն ու ապագայի թատրոնը
Պեպանյանի բնորոշմամբ, թեև հայ հանդիսատեսը շատ խստապահանջ է, այնուամենայնիվ, միշտ գնահատում է լավ ներկայացումը։
«Իհարկե, կա նաև մեծամիտ հանդիսատես, երբ ասում է՝ ես ավելի լավ կխաղամ, ավելի լավ կղեկավարեմ, դա մեր ժողովրդի հիվանդությունն է՝ եսամոլությունը», - նշում է դերասանը։ Անգամ հայրենիքը սիրելուց այն սեփականաշնորհում են․ «Ասում են՝ իմ երկիրը», ասեք՝ մեր երկիրը»։ «․․․Երանի այն տարիները, երբ թատրոն հաճախում էին հատուկ զգեստներով, կոշիկներով, վերարկուները հանձնում․․․դա էր թատրոնը։ Ուրախանում եմ, որ թատրոնում կան շնորհալի երիտասարդներ, և ապագան նրանցն է», - լավատեսությամբ ամփոփում է Պեպանյանը։