ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Մեծ Բրիտանիան ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը, դրանում 24 բարձրաստիճան անձինք են ընդգրկվել` բողոքի ցույցերի ճնշման պատճառով։ Այս մասին հայտնում է բրիտանական կառավարության կայքը։
«Մեծ Բրիտանիան և միջազգային գործընկերները հայտարարել են Իրանում բողոքի ցույցերի դաժան ճնշումը գլխավորող բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ համակարգված պատժամիջոցներ սահմանելու մասին»,-ասված է հայտարարության մեջ:
Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեպուրը և իրանական կիբեռոստիկանության ղեկավար Վահիդ Մաջիդը, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի շարք բարձրաստիճան զինվորականներ և իրավապահ մարմինների աշխատակիցներ Սիստան և Բելուջիստան նահանգներում և Թեհրանում:
Հայտարարության մեջ նշվում է, որ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել նաև Սիստան և Բելուջիստան, ինչպես նաև Քուրդիստան նահանգների գեներալ-նահանգապետների դեմ:
Իրանում արդեն ավելի քան մեկ ամիս շարունակվում են անկարգությունները, որոնք սկսվել են սեպտեմբերի կեսերին երիտասարդ իրանցի կնոջ` Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ այն բանից հետո, երբ նրան ձերբակալել էր բարքերի ոստիկանությունը:
Բողոքի ցույցեր ու խռովություններ են տեղի ունենում հիմնականում Գիլյան, Խուզեսթան, Սիստան և Բելուջիստան, Թեհրան և Քուրդիստան նահանգներում։
Իրանի իշխանություններն ակցիաներին աջակցելու համար մեղադրում են Արևմուտքի երկրներին, որոնք իրենց լրատվամիջոցներում դիվերսիոն, հակաիրանական բնույթի հաղորդագրություններ են տարածում, ինչպես նաև Իրանում իշխանությունը տապալելու կոչեր: