ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ռազմական գործողություն է իրականացրել Հյուսիսային Իրաքի քրդերի դեմ, հայտնում է ISNA-ն։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռներով և անօդաչու սարքերով հրթիռակոծել է ահաբեկչական խմբավորումների դիրքերը Իրաքի հյուսիսային շրջանում (Իրաքյան Քրդստան,-խմբ.)», - նշված է հաղորդագրության մեջ։
Իրանի զինված ուժերը հոկտեմբերի սկզբին հատուկ գործողություն են իրականացրել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի տարածքում գտնվող մի շարք շրջանների ուղղությամբ` գնդակոծելով դրանք։ Իրանցի զինվորականներն օդային ավիացիայի, ինչպես նաև կամիկաձե ԱԹՍ–ների օգնությամբ թիրախային հարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքում քրդական խմբավորումների դիրքերին։
Իրաքի ԱԳՆ-ն, ի պատասխան ԻՀՊԿ–ի գործողությունների, Իրանի դեսպանին բողոքի նոտա է ներկայացրել շարունակվող հրետակոծության կապակցությամբ։ Արաբական պետությունների լիգան նույնպես դատապարտել է Իրանի զինված ուժերի գործողությունները՝ կոչ անելով Թեհրանին հարգել միջազգային իրավունքը։