ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կոչ է անում զերծ մնալ շմոլ գազից թունավորվելու դեպքերը միայն բնական գազի օգտագործման հետ կապելուց։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ընկերությունը` անդրադառնալով նոյեմբերի 10-ին Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) տարածած հաղորդագրությանը։
ԵՊԲՀ–ն հայտնել էր, որ մեկ շաբաթում շմոլ գազից թունավորմամբ 14 անձ է տեղափոխվել «Մուրացան» հիվանդանոց, և հորդորել էր ուշադիր լինել գազախողովակներին, գազով աշխատող սարքերին, դրանց օգտագործմանը, տեսնել` արդյոք լիարժեք ապահովում են արտանետումը, թե ոչ, քանի որ շատ դեպքերում խնդիրը հենց դրա հետ է կապված լինում, ինչպես նաև տեղադրել ազդանշանային սարքեր:
«Գազպրոմ Արմենիան» հայտարարում է, որ ՀՀ տարածքում գործող տարբեր բուժկենտրոններից, ոստիկանության բաժանմունքներից և ՀՀ արտակարգ իրավիճակների տարածքային ստորաբաժանումներից ստացված տեղեկատվության համաձայն` ՀՀ–ում նոյեմբերի 1-ից 11-ը արձանագրվել է շմոլ գազից թունավորվելու 11 դեպք։ Մինչդեռ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից որևէ տեղեկություն կամ կանչ չի գրանցվել:
«Հաշվի առնելով այն, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից «Գազպրոմ Արմենիային» չեն հայտնել շմոլ գազից թունավորումների մասին, և մասնագիտական քննություն չի անցկացվել, չի պարզաբանվել դրանց առաջացման պայմաններն ու պատճառները, ԵՊԲՀ լրատվական ծառայության կողմից դրանք բնական գազի օգտագործման հետ կապելը առնվազն կոռեկտ չէ և դիտարկվում է որպես ապատեղեկատվություն»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ուստի, ընկերությունը կոչ է անում զերծ մնալ չպարզաբանված հանգամանքներում նախնական ախտորոշմամբ շմոլ գազով թունավորման դեպքերը միայն բնական գազի օգտագործման հետ կապելուց: