Արթուր Ալեքսանյանն ու Արսեն Հարությունյանը UWW–ի լավագույնների ցանկում են

Արթուր Ալեքսանյան
Հայ ըմբշամարտիկները երկրորդն են իրենց քաշային կարգերում, նրանք դրամական պարգև կստանան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ըմբշամարտիկներ Արթուր Ալեքսանյանն ու Արսեն Հարությունյանն ընդգրկվել են Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) լավագույն մարզիկների ցանկում։ Տեղեկությունը հրապարակվել է ֆեդերացիայի պաշտոնական կայքում։
UWW–ն հրապարակել է հունահռոմեական ու ազատ ոճի ըմբշամարտերի տասը քաշային կարգերի վարկանիշային աղյուսակները, յուրաքանչյուր քաշային կարգի երեք լավագույն ըմբիշները դրամական պարգև կստանան։
Հայաստանի ներկայացուցիչներից երկուսը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն (97 կգ) ու ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (61 կգ) այս տարի ընդգրկվել են ցուցակում։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի տարվա ամփոփիչ վարկանիշային աղյուսակը գլխավորում է բուլղարացի Կիրիլ Միլովը, որը կստանա 5000 դոլար պարգևավճար: Արթուր Ալեքսանյանը երկրորդն է ու կստանա 3000 դոլար:
Ազատ ոճի ըմբշամարտի 61 կգ քաշային կարգի դասակարգման առաջատարը Ճապոնիայի ներկայացուցիչ Ռեի Հիգուչին է, նա կստանա 5000 դոլար, իսկ երկրորդ տեղում Արսեն Հարությունյանն է։ Նա կստանա 3000 դոլար:
Լավագույների ցուցակում է հայտնվել նաև հայազգի մարզիկ Էդմոնդ Նազարյանը, որը հանդես է գալիս Բուլղարիայի դրոշի ներքո։ Նա իր քաշային կարգում 2–րդն է ու կստանա 3000 դոլար դրամական պարգև։ Ի դեպ, նա օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է։