5000 կմ ճանապարհ, 12 երկիր, 3 լիալուսին. ինչպես նորվեգացիները հեծանվով Օսլոյից հասան Երևան

Նորվեգացի ամուսինները պատրաստվում են ամբողջ ձմեռ մնալ Հայաստանում և լինել «նանսենյան» վայրերում` Արմավիրում, Գյումրիում, Սպիտակում, Ստեփանավանում, Վանաձորում, այնտեղից էլ ուղևորվելու են Դիլիջան, Սևան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Նորվեգացի ամուսիններ` 68–ամյա Լայֆ Կագենը և 51–ամյա Հայդի Քվամմենը հեծանվով 75 օր շարունակ Օսլոյից եկել են Երևան`անցնելու նորվեգացի բևեռախույզ, գիտնական Ֆրիտյոֆ Նանսենի հետքերով։ Տարին հոբելյանական է` լրանում է Նանսենի` խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու և «Նանսենյան անձնագրերի» ստեղծման 100-ամյակը։

«Նման ճանապարհորդության գաղափարը ծնվեց Նանսենի կատարած աշխատանքի նկատմամբ իմ մեծ հիացմունքի շնորհիվ։ Ինձ նաև անակնկալի է բերել այն հանգամանքը, որ Նանսենի թանգարան Նորվեգիայում չկա, բայց այն առկա է Հայաստանում` Երևանում։ Մենք այս ուղևորությունից հետո աշխարհին կպատմենք Նանսենի կատարած աշխատանքի և Երևանի մասին, ինչպես նաև այն մասին, որ անգամ 100 տարի անց Նանսենը հերոս է այս երկրում»,– նշեց Լայֆ Կագենը։

Նրա կինը` Հայդի Քվամմենն էլ ընդգծեց, որ ճանապարհորդության ընթացքում իրականացրել են 2 մեծ նպատակ` ցանկանում էին վայելել այս արկածային ճանապարհորդության ամեն վայրկյանը և Նանսենի թանգարան հասնել ցուրտ ձմեռվանից առաջ։ Ամուսինները ճանապարհորդությունը սկսել են սեպտեմբերի 1-ից, ճանապարհին անցկացրել 75 օր։ Այս ընթացքում փոխել են 27 անիվ, եղել 12 երկրում (Նորվեգիա, Շվեդիա, Լիտվա, Լատվիա, Լեհաստան, Սլովակիա, Հունգարիա, Ռումինիա, Բուլղարիա, Թուրքիա, Վրաստան և Հայաստան), 3 ժամային գոտում, կտրել են 5000 կմ, 3 անգամ վայելել լիալուսինը։
Լայֆ Կագենը և Հայդի Քվամմենը Երևանում
Ասում են` ճանապարհին հանդիպել են շատ հյուրընկալ և հետաքրքիր քաղաքացիների և ցանկացած անելանելի թվացող իրավիճակում օգնություն ստացել։
Լայֆ Կագենը և Հայդի Քվամմենը Երևանում
Նշենք, որ Ֆրիտյոֆ Նանսենը 1924 թվականին զբաղվել է Հայոց ցեղասպանության պատճառով փախստական դարձած հայերի հարցերով։ Նա օգնել է գաղթականներին և բազմահազար հայ փախստականներ ստացել են «Նանսենյան անձնագրեր», ինչը մասամբ թեթևացրել է նրանց դրությունը։ Հայ գաղթականներին Խորհրդային Հայաստան վերադարձնելու համար 1925 թվականին Նանսենն իր ստեղծած հայրենադարձության հանձնաժողովով ժամանել է Երևան, եղել հանրապետության տարբեր շրջաններում։
1 / 4

Ինչպես են Լայֆ Կագենին և Հայդի Քվամմենին դիմավորում Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան դպրոցի աշակերտները

2 / 4

Լայֆ Կագենը

3 / 4

Հայդի Քվամմենը

4 / 4

Նորվեգիայի դրոշը Լայֆ Կագենի հեծանվի վրա

Սրանից շուրջ 100 տարի հետո հեծանվով Հայաստան հասած զույգը որոշել է ամբողջ ձմեռ մնալ Հայաստանում և լինել «նանսենյան» վայրերում` Արմավիրում, Գյումրիում, Սպիտակում, Ստեփանավանում, Վանաձորում, այնտեղից էլ ուղևորվելու են Դիլիջան, Սևան։