ՀՀ–ն նվիրված է խաղաղության օրակարգին. Ալեն Սիմոնյանը՝ ԵԱՀԿ ԽՎ պատգամավորներին

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի երիտասարդ պատգամավորների հետ
Սիմոնյանը պատասխանել է երիտասարդ խորհրդարանականների հարցերին, որոնք վերաբերել են խոսքի ազատության ամրապնդմանը, անվտանգային խնդիրների լուծմանը և ժողովրդավարական օրակարգի կետերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Հայաստանն իրապես և անկեղծ նվիրված է խաղաղության օրակարգին։ Այս մասին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի երիտասարդ պատգամավորների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նա անդրադարձել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ լայնամասշտաբ ագրեսիայի նոր փուլին։
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի երիտասարդ պատգամավորները
«Մենք իրապես և անկեղծ նվիրված ենք խաղաղության օրակարգին, որը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի խաղաղ զարգացման ու համակեցության երաշխիքն է»,– ասել է նա։
Խոսելով քաղաքական դաշտում երիտասարդների ներգրավվածությունից՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Միջխորհրդարանական միության 30 տարեկանից ցածր խորհրդարանականների սանդղակում Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը: ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է խորհրդարանական դիվանագիտությունը, ներառյալ՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը որպես ԵԱՀԿ տարածաշրջանում վստահությունն ամրապնդելու հարթակ:
Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահը պատասխանել է երիտասարդ խորհրդարանականների հարցերին, որոնք վերաբերել են խոսքի ազատության ամրապնդմանը, անվտանգային խնդիրների լուծմանը և ժողովրդավարական օրակարգի կետերին: