ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Շիրակի մարզի բնակիչը խոստովանել է, որ ինքն է Պեմզաշենում սպանել 31-ամյա Զարինե Մելիքսեթյանին ու նրա 8 և 12 տարեկան երեխաներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
ՀՀ քննչական կոմիտեն քիչ առաջ հայտնեց, որ ոստիկանության հետ համատեղ աշխատանքի արդյունքում պարզվել է հանցագործության մեջ կասկածվողի ինքնությունը. նա Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ է։
Իրավապահները նրան ձերբակալել են ժամը 19։10-ին։
«Նա ոստիկանությունում խոստովանել է կատարածը, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմնին: Բացի այդ, ոստիկանությունը համապատասխան որոնողական աշխատանքներ է տանում ևս մեկ անձի հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու համար»,– հայտնում է ոստիկանությունը և խոստանում առաջիկայում ներկայացնել դեպքի մանրամասները։
Ձերբակալված տղամարդը
© Photo
Հիշեցնենք` Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը նոյեմբերի 9-ին հայտնաբերվել էին սեփական տան ննջասենյակում։ Սպանված կնոջ ձեռքերն ու երեխաներից մեկի ձեռքերն ու ոտքերը կապված էին եղել։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանություն)։