Ինքնապաշտպանություն, առաջին բուժօգնություն, թիրախի նշանառում... Այս բոլոր հմտությունները կարելի է ձեռք բերել Հայաստանի պաշտպանության նախարարության կազմակերպած մարտական հրաձգության դասընթացների ժամանակ։
Մասնակիցների ճնշող մեծամասնությունը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն են։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Երևանի 35-ամյա բնակչուհի Ռոզին պատմեց, որ առաջին անգամ է մասնակցում ծրագրին։
«Ամեն ինչ բավական գրագետ էր կազմակերպված։ Միայն կուզեի, որ դասերն ավելի երկար տևեին և շարունակական լինեին։ Մեկ պարապմունքի ընթացքում դժվար է պատկերացում կազմել զենքի և զինամթերքի մասին»,- ասաց նա։
Ռոզին խոստովանեց, որ կանանց ավելի շատ թիկունքում է տեսնում, քան առաջնագծում, բայց անհրաժեշտության դեպքում նրանք էլ կարող են մարտական խնդիրներ կատարել։
Հարցին, թե ինչու է որոշել մասնակցել դասընթացին, Ռոզին պատասխանեց. «Որպեսզի պատրաստ լինեմ ամեն ինչի, քանի որ Հայաստանում ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս առաջվա պես հանգիստ լինել»:
Պարզվեց` մասնակիցներից ամենափորձառուն 15-ամյա Սյուզին էր։
Նա նույնպես առաջին անգամ էր մասնակցում դասընթացներին, բայց դպրոցում նախնական զինվորական պատրաստության դասերի ընթացքում սովորել է ճարպկորեն քանդել և հավաքել ինքնաձիգը: Աղջկա կարծիքով՝ ՊՆ-ի պարապմունքները կարևոր են, բայց դրանք պետք է երկարատև լինեն, այլապես օգուտ չի լինի։
Ավելի վաղ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ դասընթացների հաջող ավարտի և բարձր արդյունքների դեպքում պաշտպանական գերատեսչությունը պատրաստ է հետագայում առավել հագեցած ծրագրով միջոցառումներ մշակել:
Հիշեցնենք, որ դասընթացներին գրանցվել է մոտ 1500 մարդ, որոնցից մոտ 1300 –ը կանայք են։ Պարապմունքները հիմնականում անցկացվում են նրանց համար, ովքեր չեն ծառայել բանակում։