ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Պեմզաշեն գյուղի բնակչուհու և նրա երկու երեխաների սպանության կասկածանքով ձերբակալվել է Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշենք, որ նոյեմբերի 9-ին գյուղում՝ սեփական տանը, հայտնաբերվել էին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի ու նրա 8 և 12 տարեկան երեխաների դիերը։
«Պեմզաշեն գյուղի՝ 31-ամյա բնակչուհու և վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության դեպքը բացահայտվել է։ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը` նա Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ է»,–ասված է հաղորդագրությունում։
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք` Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը հայտնաբերվել էին ննջասենյակում։ Սպանված կնոջ ձեռքերն ու երեխաներից մեկի ձեռքերն ու ոտքերը կապված էին եղել։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանություն)։