ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Լևոն Մինասյանն ու Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել։ Կոնդրատևն այդ մասին գրել է Telegram–յան ալիքում։
«Կրասնոդար է ժամանել Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսը։ Այս պետությունը Կրասնոդարի երկրամասի վաղեմի գործընկերն է ։ Մենք փոխգործակցում ենք բազմաթիվ առանցքային ոլորտներում, աճում է արտաքին առևտրաշրջանառությունը, ամրապնդվում են առևտրային կապերը։ Կուբանցի արտադրողները պատրաստ են ավելացնել ապրանքների արտահանումը Հայաստան, օրինակ՝ ալյուր, պահածոներ, մսամթերք, կաթնամթերք, գինի։ Իսկ մեր շուկայում պահանջարկ ունեն հայկական մրգերը, բանջարեղենը, ընկույզը, համեմունքները»,– նշել է նա։
Կոնդրատևն ընդգծել է, որ Կրասնոդարի երկրամասի հայկական համայնքը ամենամեծերից մեկն է Ռուսաստանում. այնտեղ ավելի քան 340 հազար հայ է բնակվում։ Ըստ նրա` անկախ ազգությունից` ընդհանուր խնդիրն է զարգացնել նոր ուղղություններ և ամեն ինչ անել, որպեսզի Կուբանը բարգավաճի: