ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնում է, որ «Pegasus» լրտեսական ծրագրից տուժածների թիվն ավելացել է։
Ավելի վաղ նա ասել էր, որ ՀՀ մի շարք քաղաքացիներ այս գիշեր «Apple»–ից նամակ են ստացել, որ իրենք դարձել են պետական հաքերների հարձակման զոհ։ Մարտիրոսյանը նշել էր, որ իրենք տեղյակ են մոտ 10 մարդու մասին, որոնց թվում կան լրագրողներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդդիմադիր հայտնի գործիչներ։ Հասցրել են ստուգել երկու հեռախոս։ Մեկի վրա «Pegasus» լրտեսական ծրագիր է հայտնաբերվել։
«Բացահայտվել են նաև այլ վարակման դեպքեր։ Մեզ հայտնի զոհերի ցանկը խոսում է այն մասին, որ մենք ազգային անվտանգության լուրջ խնդիր ունենք»,– գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Նշենք, որ «Pegasus»–ն ամբողջական մուտք է տալիս հեռախոսի բոլոր տվյալներին՝ գտնվելու վայր, զանգեր, հաղորդագրություններ։ Տեղադրումն ու «վարակումը» կարող է լինել շատ աննկատ, օրինակ` մարդը կարող է «WhatsApp»-ով ստանալ հաղորդագրություն կամ նկար, բացել, և հեռախոսն արդեն «վարակված» կլինի։
Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծել էր, որ այս ծրագիրը վաճառվում է միայն պետական կառույցներին։