ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մի շարք քաղաքացիներ այս գիշեր «Apple»–ից նամակ են ստացել, որ իրենք դարձել են պետական հաքերների հարձակման զոհ։ Տեղեկությունը հայտնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նրա խոսքով` իրենք տեղյակ են մոտ 10 մարդու մասին, որոնց թվում կան լրագրողներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդդիմադիր հայտնի գործիչներ։ Մարտիրոսյանը նշում է, որ հասցրել են ստուգել երկու հեռախոս։ Մեկի վրա «Pegasus» լրտեսական ծրագիր է հայտնաբերվել։ Մյուսը մաքուր է եղել, բայց տվյալ անձը նոր է փոխել հեռախոսը, այնպես որ հնարավոր է` տեղեկությունը նախորդ հեռախոսի վարակման մասին է եղել։
«Չենք կարող հաստատ ասել, թե որ երկրից է եղել վարակումը կամ արդյոք մեկ երկրից է, թե մի քանի վարակման հետ գործ ունենք։ Այսինքն` չգիտենք` Հայաստանի հատուկ ծառայություններն են, Ադրբեջանի, Թուրքիայի, թե բոլորը միասին ու խառը։ Գիտենք հաստատ, որ դա պետական գործ է, քանի որ «Pegasus»–ը միայն պետական կառույցներին է վաճառվում»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարտիրոսյանը։
Նա նշել է, որ նման նամակ ստանալու դեպքում կարող են դիմել իրեն, Արթուր Պապյանին, Ռուբեն Մուրադյանին կամ էլ Cyberhub.am–ի էջին։
Հիշեցնենք` «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը 2021 թվականի նոյեմբերին հայտարարել էր, որ նամակ է ստացել «Apple» ընկերությունից, ինչը հաստատում է իր նախկին hայտարարություններն այն մասին, որ Հայաստանի գործող իշխանությունները տևական ժամանակ գաղտնալսման փորձեր են իրականացրել, որոնք ակնհայտորեն կապված են իր քաղաքական գործունեության հետ։ Ավելի ուշ նա ասել էր, որ առանց պետության թույլտվության հնարավոր չէ մուտք գործել որևէ բջջային օպերատորի համակարգ և «Pegasus» ծրագրով գաղտնալսել որևէ մեկին։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ այս տարվա ապրիլին հայտարարել էր, որ շուրջ մեկ տարի է` իր հեռախոսի մեջ փորձում են լրտեսող վիրուսային ծրագրեր տեղադրել։