ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու Գալերի 25 ցուցասրահում այսօր տեղի ունեցավ արվեստագետ, ՌԴ նկարիչների միության անդամ, Ալեքսեյ Դուրասովի «Սիրով՝ Գյումրուն» խորագրով ցուցադրության բացումը:
«Սիրով՝ Գյումրուն» խորագրով ցուցադրություն
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Մինչ Հայաստան գալը արվեստագետը չի էլ պատկերացրել, որ Հայաստանի երկրորդ քաղաքում ճարտարապետական այնպիսի գոհարներ կգտնի, որ դրանք կտավին հանձնելու ցանկություն կառաջանա:
«Մարտին, երբ հայտնվեցի Գյումրիում, հմայված էի տեղի ճարտարապետության գեղեցկությամբ և ինքնատիպությամբ, քաղաքի բնակիչների բարությամբ ու կենսասիրությամբ: Մի քանի ամիս շարունակ ես ուսումնասիրում ու նկարում էի այն, ինչ տեսնում էի։ Գյումրին իմ սիրտը հալեցրեց»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նկարիչը՝ ցույց տալով իր համար Գյումրիում ամենահարազատ դարձած անկյունը, որը նրա առաջին կտավում է արտացոլված:
Դուրասովը վեց ամիս ապրել է Գյումրիում ու ամբողջ ընթացքում նկարել քաղաքը՝ մարդկանց, շինությունները, փողոցը, այն ամենը, ինչը, նրա կարծիքով, առանձնահատուկ է դարձնում Գյումրին:
Ալեքսեյ Դուրասովի ստեղծագործությունները
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Հուսով եմ՝ իմ գրաֆիկական աշխատանքների շարքով կարողացել եմ փոխանցել հիացմունքս: Միգուցե օտար մարդու թարմ հայացքը գյումրեցիների համար այլ գույնով բացահայտի հարազատ քաղաքը»,- ասաց նկարիչը։
Ալեքսեյ Դուրասովի ստեղծագործությունները
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Նա ժամանակավորապես տեղափոխվել է Երևան, բայց անհամբեր սպասում է Գյումրի վերադառնալուն։ Պատրաստվում է լրացնել ստեղծագործությունների շարքը, հուսով է` նոր ցուցադրությունը շատ չի ուշանա։
Ալեքսեյ Դուրասովի ստեղծագործությունները
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ցուցահանդեսը կյանքի է կոչվել Գյումրիում ԳԴՀ պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանի և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Վահագն Ղուկասյանի ջանքերով: