ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Խրամորթի խաղաղ բնակիչների ուղղությամբ, տուժել է 1 քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ոստիկանությունը։
«Նոյեմբերի 12-ին` ժամը 18:00-ի սահմաներում, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Խրամորթ գյուղի վարչական տարածքում ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում:
Շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ Խրամորթի բնակիչներ 27-ամյա Ս.Վանյանը և 45-ամյա Ա. Հայրապետյանը ժամը 16:30-ի սահմաններում գյուղի վարչական տարածքի «100 հեկտար» կոչվող տեղանքում «Տ-150» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացրել, երբ մերձակա տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից նրանց ուղղությամբ կրակ է արձակվել։
Կրակոցներից ջարդվել են տրակտորի դիմային և հետևի հողմապակիները։ Ջարդված դիմապակու կտորները դիպել են Ա. Հայրապետյանի դեմքին։ Նա մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հանրապետական բժշկական կենտրոն։
Տրակտորի ջարդված ապակին
© Photo
Նյութերը տրամադրվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի։