Վրաստանը դեպի Լարս տանող թունելի շինարարությունը կավարտի 2024 թվականին

Թունելի շինարարություն
Վրաստանը խոստանում է նախագիծն ավարտելուց հետո անխափան բեռնափոխադրում և ուղևորահոսք ապահովել դեպի Ռուսաստանի սահման՝ անկախ եղանակային պայմաններից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Վրաստանը 2024 թվականի նոյեմբերին կավարտի դեպի Վերին Լարսի անցակետ տանող ևտարածաշրջանում ամենաերկար ու աշխարհում ամենամեծ վեց թունելներից մեկի շինարարությունը: Տեղեկությունը հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը։
Խոսքը Խաչի լեռնանցքի տակ 9 կմ երկարությամբ թունելի մասին է, որը Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհի մի մասն է։
«Հորատման մեքենան փորել է հիմնական թունելի 4 կիլոմետրը և տարհանման թունելի 3,5 կիլոմետրը», - նշվում է ռեպորտաժում:
15 մետր տրամագծով թունելը եռաշերտ է, երթևեկությունն իրականացվելու է երկու ուղղությամբ։ Թունելի յուրաքանչյուր 500 մետրում տարհանման ելք կա։
Եղանակային պայմանների պատճառով ավտոճանապարհը տարեկան միջինը մոտ 90 օր փակ է կամ դժվարանցանելի մեծ բեռնատարների համար: Դա հանգեցնում է ոչ միայն դեպի Լարս տանող տարանցիկ շղթայի խախտմանը, այլև Վրաստանի մի մասը կտրում է մյուսից (խոսքը Ստեփանծմինդա բնակավայրի մասին է. խմբ.)։
Թունելի ու Կոբիից Քվեշեթ տանող 23 կիլոմետրանոց շրջանցիկ հատվածի շինարարության ավարտից հետո հնարավոր կլինի այդ տարածքով շուրջօրյա անխափան երթևեկություն ապահովել դեպի Ռուսաստան:
Հիշեցնենք, որ նախագիծը պետք է ավարտվեր 2022 թվականին, սակայն համաճարակի պատճառով ժամկետը փոխվեց։
Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ ու 5 թունել։ Նախագիծը Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից է համարվում։ Խաչի լեռնանցքի տակ 9 կմ երկարությամբ թունելի կառուցման աշխատանքները սկսվել են 2021 թվականի սեպտեմբերին։
Վերին Լարսում տիրող իրավիճակը կնվազեցնի ՌԴ արտահանման ծավալները. «Սպայկան» ահազանգում է