«Քննարկումները շարունակվում են». Խամոյանը` Ազգային ժողով գնալ-չգնալու մասին

Ագնեսա Խամոյան. Արխիվային լուսանկար
Հաջորդ շաբաթ մեկնարկող ԱԺ քառօրյային ընդդիմությունը կմասնակցի՞, թե՞ ոչ` հայտնի չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցության՝ խորհրդարան վերադառնալ–չվերադառնալու հարցով քննարկումները շարունակվում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նշենք, որ մամուլում լուրեր էին հայտնվել, որ քննարկումներից հետո խմբակցությունում որոշել են` ով կուզի, կարող է մասնակցել ԱԺ նիստերին։ Հենց այս հարցով էլ դիմեցինք Խամոյանին` հետաքրքրվելով, թե կա արդյո՞ք միասնական որոշում ԱԺ գնալու վերաբերյալ։
«Խմբակցությունում պարբերաբար ամենատարբեր հարցերով քննարկումներ են տեղի ունենում, այդ թվում ձեր նշած հարցով։ Սակայն քննարկումները դեռ չեն ավարտվել, դրանք շարունակվում են»,–ասաց Խամոյանը։
Հիշեցնենք, որ 2022թ.–ի ապրիլից ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել էին խորհրդարանի նիստերը։ Տևական ժամանակ նրանք բողոքի ակցիաներ էին իրականացնում` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հոկտեմբերի 25–ին, տևական դադարից հետո, «Հայաստան» դաշինքին որոշ պատգամավորներ մասնակցեցին ԱԺ նիստին։ Նրանք այնտեղ էին մամուլում շրջանառվող խաղաղության պայմանագրի տարբերակի մասին հարցադրումներ անելու համար։