ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Երևանի «Փյունիկի» նիգերիացի լեգեոներ Յուսուֆ Օտուբանջոյի գոլը լավագույնն է ճանաչվել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Այս մասին տեղեկանում ենք ՈւԵՖԱ–ի պաշտոնական կայքից։
Քվեարկության արդյունքներով երկրորդ տեղում է «Ֆիորենտինայի» խաղացող Ռիկարդո Սապոնարայի գոլը։ Եռյակը եզրափակում է «Բազելի» ֆուտբոլիստ Էնդի Դիուֆը, որը գրավել է «Ժալգիրիսի» դարպասը։
Հիշեցնենք` «Փյունիկ»-«Սլովան» հանդիպումը կայացավ ՈւԵՖԱ–ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում։ Նիգերիացու գոլը հաղթանակ ապահովեց «Փյունիկին»։
Երևանի «Փյունիկը» երրորդ տեղը զբաղեցրեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Եղիշե Մելիքյանի սաները 6 միավոր վաստակեցին` սեփական հարկի տակ երկու հաղթանակ տանելով «Սլովանի» և «Ժալգիրիսի» նկատմամբ (երկու խաղերն էլ ավարտվեցին 2:0 հաշվով)։