Պետք չէ գերագնահատել. Փաշինյանը` Իրանի և Ադրբեջանի միջև բախման հավանականության մասին

Թեհրանի ու Բաքվի միջև վիճելի հարցերը պետք է լուծել բանակցությունների ճանապարհով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի-Sputnik. Թեհրանն ու Բաքուն ունեն սերտ կապեր, և եթե կան վիճելի հարցեր, դրանք պետք է լուծել բանակցությունների ճանապարհով։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանին հավանական աջակցության վերաբերյալ ԱՄՆ պետական դեպարտամենտի հայտարարությանը։
Փաշինյանը նշեց, որ Իրանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացներում։

«Մենք շատ սերտ հարաբերությունների մեջ ենք, և մեզ համար կարևոր է մեր հարաբերությունների բնականոն զարգացումը, ու մենք գնում ենք հենց այդ ճանապարհով»,– ասաց ՀՀ վարչապետը։

Հիշեցնենք` օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Իրանի կողմից Հայաստանին սատարելու մասին, ինչպես նաև մի շարք հայտարարություններ էր արել իրանական բանակի զորավարժությունների կապակցությամբ։
Իրանի կողմից սպառնալիքի դեպքում ԱՄՆ-ն կաջակցի Ադրբեջանին. Փրայս
Մինչ այդ Իրանի տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարությունը հայտնել էր հոկտեմբերին Շիրազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությանը Ադրբեջանի քաղաքացիների մասնակցության մասին։
Թեհրանում ադրբեջանական դիվանագիտական առաքելության ղեկավար Ալի Ալիզադեն դրանից հետո կանչվել է ԻԻՀ ԱԳՆ՝ Բաքվի պաշտոնյաների ոչ բարեկամական հռետորաբանության պատճառով:
Ի պատասխան Ադրբեջանում Իրանի դեսպան Սեիդ Աբաս Մուսավին են կանչել երկրի ԱԳՆ, իրանցի դիվանագետին դժգոհություն և մտահոգություն հայտնել «Իրանի հակաադրբեջանական քարոզչության, զրպարտչական արշավի և Իրանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների սպառնալից հռետորաբանության վերաբերյալ»: