Պաշտպանե՛ք հայերին. Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը` Ալիևի ելույթի մասին

Լեմկինի ինստիտուտը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ալիևի հռետորաբանության վրա՝ հայ ժողովրդի դեմ ևս մեկ ցեղասպանությունից խուսափելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը խորապես մտահոգված է Ադրբեջանի ցեղասպանական հռետորաբանությամբ, հատկապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ելույթներից հետո, որտեղ նա կրկնել է Հայաստանի վրա հարձակում գործելու սպառնալիքները: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Twitter–ում Լեմկինի ինստիտուտի էջում։
«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի կառավարության կողմից հատուկ ցեղասպանական հռետորաբանության օգտագործումը», - նշված է հայտարարության մեջ։
Ինստիտուտը կոչ է անում, որ միջազգային հանրությունը նույնպես դատապարտի Ադրբեջանի հռետորաբանությունը և պաշտպանի հայերին։
Տարածված հաղորդագրության մեջ Լեմկինի ինստիտուտը որպես օրինակ է բերում Ալիևի այն խոսքերը, թե հայերին «ողբերգություն է» սպասվում, կամ թե «Ադրբեջանի համբերությունը սպառվում է»:
Ինստիտուտը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այս հռետորաբանության վրա՝ հայ ժողովրդի դեմ ևս մեկ ցեղասպանությունից խուսափելու համար:
Հիշեցնենք, որ Ալիևը օրեր առաջ դիմելով Հայաստանի ղեկավարությանը` հայտարարել էր, որ 44-օրյա ռազմական գործողությունների ավարտից հետո երկու տարվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը միայն ուժեղացել են և կարող են կրկնել հարձակողական գործողությունները տարածաշրջանում: Ընդ որում` նա հիշեցրել է «Զանգեզուրի միջանցքի» մասով հայերի հանձնառության մասին և կշտամբել, որ նրանք մինչև հիմա իրենց զորքերը դուրս չեն բերել «ադրբեջանական տարածքից»։
Ալիևը կոպտորեն խախտել է ուժի սպառնալիքից զերծ մնալու մասին համաձայնությունը. Փաշինյան