ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական տպավորություն է ստացել հոկտեմբերի սկզբին Պրահայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից։ Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց Փաշինյանը։
Նշենք, որ Փաշինյան-Էրդողան հանդիպում առաջին անգամ է տեղի ունեցել։
ՀՀ վարչապետի խոսքով` զրույցը ցույց է տվել, որ իր և Էրդողանի տեսակետներն իրար հետ անհամատեղելի չէին, ինչպես երբեմն կարելի է ենթադրել մամուլի համար արված հայտարարություններից։ Սա, սակայն, չի նշանակում, որ Հայաստանը կամ Թուրքիան մասնավոր բանակցությունների սեղանի շուրջ հրաժարվել են իրենց դիրքորոշումներից;
«Խոսակցության մեջ իմ տպավորությունն այն էր, որ մեր խոսույթներն անհամատեղելի չեն։ Եթե լինի հետևողական աշխատանք, քաղաքական կամք և ցանկություն, այդ խոսույթները կարող են համադրվել իրար հետ, ինչը նշանակում է հարաբերությունների կարգավորում»,–ասաց նա։
Անդրադառնալով հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ Ադրբեջանի դերին, Փաշինյանը հայտարարեց, որ ինչքան էլ հայտարարություն լինի, որ երկկողմ հարաբերություններն առանց նախապայմանների են, միևնույն է` Ադրբեջանի գործոնը կա։
Նրա խոսքով` պաշտոնական մակարդակում արձանագրվում է, որ երկկողմ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, դա վատ չէ, որովհետև կարող էր պաշտոնական մակարդակում էլ արձանագրվել, որ կա նախապայման։
«Մյուս կողմից` իսկ ո՞վ է ասել, որ մենք չենք ուզում Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել։ Ես Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ փորձել եմ ներկայացնել մի շարք նրբություններ, թե ինչպես է Հայաստանն ընկալում Թուրքիայի դիրքորոշումները և փորձել եմ հասկանալ, թե Թուրքիան Հայաստանի կամ Ադրբեջանի մի շարք դիրքորոշումներ ինչպես է ընկալում»,–ասաց վարչապետը։
Փաշինյանն ուշադրություն հրավիրեց նաև այն փաստին, որ Էրդողանի խորհրդականը վերջերս տված հարցազրույցում նշել է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցի կարևորությունը։ Վարչապետը սա կարևոր բաղադրիչ է համարում։
Իհարկե, Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները սերտ են, բայց շատ կարևոր է հասկանալ Թուրքիայի արձագանքը, եթե նա հասկանա, որ Բաքուն խոչընդոտում է Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորմանն առանց հիմնավորման։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։