Միրզոյանը Կոլոննային է ներկայացրել խաղաղության պայմանագրի մշակման հետ կապված զարգացումները

Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան
Հանդիպման ընթացքում կարևորվել է հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ, քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման հետ կապված վերջին զարգացումները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի, տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:
«ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներն ու ռազմատենչ հռետորաբանությունը խաթարում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միրզոյանը Կոլոննային երախտագիտություն է հայտնել սեպտեմբերի 13-14–ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման առնչությամբ ֆրանսիական կողմի սկզբունքային դիրքորոշման համար:
Միաժամանակ բարձր է գնահատվել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման գործում։
Երկուստեք կարևորվել է հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության և կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելության գործունեությանը վերաբերող հարցերի:
Հիշեցնենք` Միրզոյանը երեկ` նոյեմբերի 10-ին, աշխատանքային այցով մեկնել է Փարիզ։ ՀՀ ԱԳ նախարարը մասնակցելու է նաև Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովին: