Մալենան ու Նարեն ազդարարեցին հետհաշվարկը. ուղիղ մեկ ամիս Երևանը շնչելու է «Եվրատեսիլով»

Նարե Ղազարյանն ու Մալենան ազդարարեցին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի հետհաշվարկը
Դեկտեմբերի 5–ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթի բացման արարողությունը, նույն օրը կվառվեն նաև քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. 30 օր 6 ժամ և 40 րոպեից կմեկնարկի «Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթը. այսօր Հյուսիսային պողոտայում «Մանկական Եվրատեսիլի» նախորդ տարվա պատվիրակ Մալենան ու մրցույթի այս տարվա մասնակից Նարե Ղազարյանը ազդարարեցին հետհաշվարկը։
Նարե Ղազարյանն ու Մալենան
«Այսօր առավոտյան հիշում էի մեկ տարի առաջ այս օրը։ Մենք վերջին նախապատրաստական աշխատանքներն էինք անում, որպեսզի Մալենան մեկնի Փարիզ, ու ոչ մեկս չէինք պատկերացնում, որ մենք կհաղթենք, բայց տեղի ունեցավ հրաշքը, և հրաշքը հիմա Հայաստանում է»,– իր ելույթում ասաց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
«Պտտի՛ր հրաշքը»... 2022 թվականին այս կարգախոսն է միավորելու և տոն պարգևելու Երևան ժամանած հյուրերին ու մեր քաղաքացիներին։
«Այսօրվանից սկսած` ուղիղ մեկ ամիս Երևանը շնչելու է Եվրատեսիլով»,– հայտարարեց Մովսիսյանը։
Հովհաննես Մովսիսյան
Նա տեղեկացրեց նաև, որ դեկտեմբերի 5–ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթի բացման արարողությունը։ Նույն օրը կվառվեն նաև քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը։
Նշենք, որ այս տարի տեղի կունենա 20–րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլը»։ Մասնակցելու են 16 երկիր։
Կախարդական շոու Երևանում. «Մանկական Եվրատեսիլի» կենտրոնական բեմը խորհրդանշում է հոլը
«Քաղաքապետարանը հատուկ տոնական նախապատրաստություններ է տեսնում և՛ «Մանկական Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի և Նոր տարվա կապակցությամբ, մենք որոշակի անակնկալներ ունենք քաղաքացիների համար»,– նշեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Տիգրան Ավինյան
Նա շնորհակալություն հայտնեց Մալենային, որ նա նախորդ տարի պատվով ներկայացրեց Հայաստանը և այս տոնը բերեց Երևան։
Ի դեպ, առաջիկա օրերին կսկսվի նաև տոմսերի վաճառքը։
1 / 4

Նարե Ղազարյանն ու Մալենան ազդարարեցին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի հետհաշվարկը

2 / 4

Նարե Ղազարյանն ու Մալենան ազդարարեցին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի հետհաշվարկը

3 / 4

Նարե Ղազարյանն ու Մալենան ազդարարեցին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի հետհաշվարկը

4 / 4

Նարե Ղազարյանն ու Մալենան ազդարարեցին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի հետհաշվարկը

Հիշեցնենք, որ Երևանը արդեն երկրորդ անգամ է հյուրընկալում «Մանկական Եվրատեսիլ» մրցույթը։ 2011 թվականին Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով հաղթեց մրցույթում: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատմության ամենահաջողակ երկրներից մեկն է՝ մասնակցել է 14 անգամ և միշտ տեղ նվաճել լավագույն տասնյակում: Փարիզում դեկտեմբերի 19–ին կայացած «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող 14–ամյա Մալենան գրավեց առաջին տեղը։
Հիշեցնենք նաև, որ այս տարի «Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը։
Հայտնի է` որքան գումար կծախսվի «Մանկական Եվրատեսիլը» Հայաստանում անցկացնելու համար
«Մանկական Եվրատեսիլ–2006»–ում հաղթած ռուս մասնակիցները ևս հրավիրվել են Երևան․ Օհանյան