Խերսոնի շրջանը ՌԴ սուբյեկտ է, փոփոխություններ լինել չեն կարող․ Պեսկով

Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Խերսոնի շրջանի կարգավիճակը օրենսդրորեն ամրագրված է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Խերսոնի մարզը Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ է, այս կարգավիճակն ամրագրված է, և այստեղ փոփոխություններ լինել չեն կարող։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դա Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ է։ Օրենսդրորեն այս սուբյեկտն ամրագրված է, սահմանված է: Այստեղ ոչ մի փոփոխություն չկա և չի կարող լինել», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը շարունակում է ամբողջ Խերսոնի մարզը համարել իր տարածքը, և արդյոք իրավաբանորեն կամրագրի աջակողմյան ( Դնեպրի – խմբ.) հատվածի կարգավիճակը։
Պեսկովը բացասաբար է պատասխանել այն հարցին, թե արդյոք Կրեմլում նվաստացուցիչ չեն համարում Խերսոնից հեռանալը։
Դմիտրի Պեսկովը ՊՆ է վերահասցեագրել հարցերը ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար Սերգեյ Սուրովիկինի՝ հատուկ գործողության գոտում տիրող իրավիճակի մասին զեկույցի և երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Խերսոնի ուղղությամբ Դնեպրից զորքերի դուրսբերման մասին հրամանի վերաբերյալ:
«Այդ թեմայով ավելացնելու բան չունեմ, ասելիք չունեմ, այստեղ ևս ինչ-որ ընդարձակ մեկնաբանությունների համար խնդրում եմ դիմել պաշտպանության նախարարություն։ Դուք գիտեք, որ սա հրամանատար Սուրովիկինի առաջարկն է և պաշտպանության նախարարի որոշումը, ուստի խնդրում եմ պաշտպանության նախարարություն դիմել։ Ես այս թեմայով ասելիք չունեմ», - ասել է նա։
ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայի զինված ուժերի երեք ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայան է ոչնչացրել․ ՊՆ
Ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը նոյեմբերի 9-ին հայտնել էր, որ որոշում է կայացվել Դնեպրի ձախ ափին պաշտպանության մասին, որ պահպանվի զինվորականների կյանքն ու ստորաբաժանումների մարտունակությունը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 260-րդ օրը։