ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հայաստանն ամեն ինչ կանի, որ մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքվի։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դրա համար շատ կարևոր է, որ գլխագրային խոսակցություններից անցում կատարենք բովանդակային խոսակցությանը։ Խաղաղության պայմանագրի մի քանի տարբերակներ կան, օրինակ` ստորագրել շրջանակային համաձայնագիր, որն ընդհանուր շրջանակն է գծագրում հարաբերությունների և չի հասցեագրում բոլոր հնարավոր հարցերը»,–ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելուց առաջ առնվազն դելիմիտացիայի գործընթացը պետք է ավարտված լինի։
Փաշինյանի խոսքով`դա անհրաժեշտություն է, քանի որ մի կողմից հայտարարվում է, որ փոխադարձաբար ճանաչում ենք տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանից տարածքներ չի օկուպացրել և իրենք այնտեղ են, որտեղ իրենց սահմանն է։
«Հնարավոր է`մենք խաղաղության պայմանագիր ստորագրենք և Ադրբեջանը շարունակի տարածքային նկրտումներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ։ Այդ պատճառով մենք ասում ենք, որ սահմանների հստակեցում պետք է լինի»,–ասաց նա
Փաշինյանը հավելեց, որ Հայաստանն իր առաջարկներն է ներկայացրել խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ և հույս ունեն` Ադրբեջանը դա կառուցողական կերպով կքննարկի և կարձագանքի։
Հիշեցնենք` նոյեմբերի 10–ին ՀՀ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է ԼՂ–ի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի` միջազգային երաշխիքներով, որի արդյունքում ԼՂ–ն պաշտպանության բանակ ունենալու կարիք չի ունենա։
Վարչապետը հիշեցրեց, որ ապառազմականացման առաջարկ Հայաստանն արել է նաև ՀՀ–Ադրբեջան սահմանի մասին` առաջարկելով զորքերը հետ քաշել 1991թ–ին հաստատված սահմանից ու ստեղծել 3կմ–անոց ապառազմականացված գոտի։ Նրա խոսքով` հոկտեմբրի 31-ին Ադրբեջանին է փոխանցվել նաև այս առաջարկի նորացված տարբերակը։
Հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։