Երևանն առաջարկել է սահմանի մոնիթորինգի գործը փոխանցել ՌԴ–ին, Բաքուն մերժել է. Փաշինյան

Վարչապետի խոսքով՝ հայ–ադրբեջանական սահմանային խնդրի ցանկացած լուծում պետք է ներառի միջազգային երաշխիքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը ժամանակին առաջարկել է Ռուսաստանին փոխանցել հայ-ադրբեջանական սահմանի մոնիթորինգի գործառույթները։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտարարեց սահմանին ապառազմականացված գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին։ Խոսքը զորքերը փոխադարձաբար դուրս բերելու և երեք կիլոմետր լայնությամբ ապառազմականացման գոտի ստեղծելու մասին է։
Նրա խոսքով՝ այս քայլը կնպաստի իրավիճակի կայունացմանը և կլինի 1991 թվականի սահմանների փոխճանաչման տրամաբանական շարունակությունը։
«Մենք ասում ենք, որ եթե սահմանները փոխադարձաբար ճանաչված են, ապա ի՞նչ են անում ադրբեջանական զորքերը Վերին Շորժայի մոտակայքում, Ջերմուկի մոտակայքում, Սև լճի հարավային ափի մոտակայքում և այդպքես շարունակ։ Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք զորքերը փոխադարձաբար դուրս բերել, և փոխարենը հսկողությունը փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահներին»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով` շատ կարևոր է նաև մոնիթորինգի մեխանիզմը, որը հնարավորություն կտա վերահսկել պայմանավորվածությունների կատարումը։ Այս համատեքստում Փաշինյանը նշեց, որ ի սկզբանե Երևանն առաջարկել է մոնիթորինգի գործառույթները փոխանցել ռուսական կողմին,Ադրբեջանը չի համաձայնել, հիմա Հայաստանն է առաջարկում է մոնիթորինգի մեխանիզմը փոխանցել կամ Ռուսաստանին, կա՛մ ՀԱՊԿ–ին , կա՛մ ԵԱՀԿ–ին, կա՛մ ԵՄ–ին, կա՛մ ՄԱԿ–ին։ Ամեն դեպքում, ըստ նրա, խաղաղության երաշխավորներ են պետք, և այդ երաշխավորները պետք է աշխատունակ ուժեր լինեն։
Հիշեցնենք` նոյեմբերի 10–ին ՀՀ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է ԼՂ–ի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի` միջազգային երաշխիքներով, որի արդյունքում ԼՂ–ն պաշտպանության բանակ ունենալու կարիք չի ունենա։
Վարչապետը հիշեցրեց, որ ապառազմականացման առաջարկ Հայաստանն արել է նաև ՀՀ–Ադրբեջան սահմանի մասին` առաջարկելով զորքերը հետ քաշել 1991թ–ին հաստատված սահմանից ու ստեղծել 3կմ–անոց ապառազմականացված գոտի։ Նրա խոսքով` հոկտեմբրի 31-ին Ադրբեջանին է փոխանցվել նաև այս առաջարկի նորացված տարբերակը։
Հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Տեղի է ունեցել բովանդակային քննարկում. Կոպիրկինը` Սոչիի եռակողմ հանդիպման մասին
Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։